Ավարտվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի  վերաորակավորման 36-ժամյա վարժանքը:  Աղետից տուժած տարածքի բնակիչների, ականատեսների, տուժածների դերում ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսանողներն էին` 13 հոգի: Վարժանքին ակտիվ մասնակցության համար ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը սեպտեմբերի 9-ին ուսանողներին պարգեւատրվեց շնորհակալագրերով:

«Նման գործնական պարապմունքները շատ կարեւոր են. դուք տեսնում եք թե՛ պարանով, թե՛ տարբեր գործիքներով աշխատանքներ, թե՛ առաջին օգնության տարրեր, սովորում եք՝ ինչպես արտակարգ իրավիճակում գործել: Այսօր մենք կարողացել ենք դառնալ փրկարարական առաքելություն արտահանող երկիր, ուրիշների համար օրինակ ծառայել: Այս փորձը թող դառնա ձեր մասնագիտական գործունեության հիմքերից մեկը. պիտի ձգտենք լինել լավագույնը՝ լավագույն փրկարար, լավագույն գիտնական եւ այլն: Տեսնում ենք՝ ինչ է աշխարհում կատարվում: Մեր նպատակը պիտի լինի ավելի մեծ կարողություններ ու հմտություններ զարգացնելը, որպեսզի պատերազմի դեպքում պաշտպանենք մեր բնակչությանը»,- նշեց ռեկտորը:

ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանն էլ հավելեց՝ եւ՛ կենցաղը կազմակերպելու, եւ՛ ուսումնական տեղամասերում տարբեր աշխատանքներ կատարելու հարցում տղաներն աչքի ընկան կազմակերպվածությամբ, թիմային ոգով ու փոխօգնությամբ:

«Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արեգ Պողոսյանի հայրը երկար տարիներ աշխատել է ԱԻ համակարգում: Այժմ կենսաթոշակի է անցել. որդին էլ որոշեց հոր գործը շարունակել: Ասում է՝ փրկարարի գործում մի բան է կարեւոր՝ մարդուն պիտանի լինելու պատրաստակամությունը: Իր հետագա նպատակները փրկարար ծառայության հետ է կապում:

«Փրկարարական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մուշեղ Նազարյանն ակադեմիայում ուսանում է 2015-ից՝ միջին մասնագիտական կրթական ծրագրից: Պատրաստվում է կրթությունը շարունակել մագիստրատուրայում եւ աշխատանքի անցնել փրկարար ծառայությունում: Նախկինում վարժանքների շատ է մասնակցել, սակայն այս մեկը տարբերվում էր: Ամեն ինչ իրականին ավելի մոտ էր, սխալվելու հնարավորություն չկար: Փրկարարներն աշխատում էին գերլարված, առանց դադարի, իրար փոխարինելով: Ավագ մասնագետների աշխատանքը տեսնելով՝ իրենք էլ էին ամենայն լրջությամբ կատարել տուժածի եւ ականատեսի դերում իրենց պարտականությունները:

Երկօրյա վարժանքի ընթացքում Մուշեղին հատկապես տպավորել էր՝ ինչպես են փրկարարները տարբեր մարմնական վնասվածքներով մարդուն դուրս բերում բազմահարկ շենքից եւ փլատակից:

Կարեն Բաբայանը «Քաղաքացիական պաշտպանության» մասնագիտության 4-րդ կուրսից է: Փոքր քաղաք է իր ծննդավայր Եղեգնաձորը, այսպես թե այնպես փոքրուց մասնակից է դարձել փրկարարների առօրյային: Ակադեմիա ընդունվելու հարցում ոգեշնչել է նաեւ մայրը, որն աշխատում է ԱԻՆ համակարգում: Նպատակ ունի ակադեմիայի մագիստրատուրայում սովորել եւ աղետների հոգեբանության մեջ հմտանալ: Հոգեբանական գրքեր շատ է կարդում: Վարժանքի ժամանակ գրեթե չեն քնել: Երկարատեւ զրույցներ են ունեցել փորձառու փրկարարների հետ, հետաքրքրվել իրենց մասնագիտությանը վերաբերող ամեն մանրուքով:

«Քաղաքացիական պաշտպանության» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Օնիկ Հովհաննիսյանը վերհիշում է՝ իր մկրտության օրը հարեւանի տանը հրդեհ էր բռնվել, եւ միահամուռ բոլորը սկսել էին մարել կրակը: Այդ օրվանից էր հասկացել, թե ինչքան հաճելի է մարդուն օգնության ձեռք մեկնելը: Բացի դրանից՝ քույրն ակադեմիայում էր սովորում, հիմա աշխատում է ԱԻՆ համակարգում, ինքն էլ առանց երկմտելու նույն ոլորտն ընտրեց:

Վարժանքների ակտիվ մասնակից է, ասում է՝ ինչքան էլ սովորես, միեւնույն է՝ էլի սովորելու տեղ ունես: Դեպք է եղել, երբ ինքն ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ ստացել, սակայն շտապել է տարհանել նույն մեքենայում գտնվող իր ընկերներին, կատարել կանխարգելիչ գործողություններ: Հիմա, երբ վերլուծում է, ռիսկը մեծ էր, սակայն այդ պահին միայն դիմացինին փրկելու մասին էր մտածում: «Աղետից հետո մարդու հոգեբանության մեջ ինչ-որ բան է փոխվում. պիտի կարողանաս նաեւ լսել նրան, քաջալերել: Ճիշտ խոսքը կարող է փրկել մարդուն՝ անկախ իրավիճակի բարդությունից»,- համոզված է Օնիկը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ