Օգոստոսի սկզբից Արտակարգ  իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանը սուզումներ է սկսել գիտնականների խմբի հետ։ Սեւանա լճում առաջին սուզմանը մասնակցում էին հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը, կենսաբաններ Գայանե Կարագյանն ու Տիգրան Ղրեջյանը։ Հայտնաբերվել է «Ռուպիա» բույսի ծաղկած տարբերակը, որի 6000-ամյա սերմը ջրասուզակն ավելի վաղ գտել էր Սեւանա լճի ապարահատակից։

Գիտնականների ուսումնասիրության կենտրոնում է նաեւ Սեւանա լճում հաճախ հանդիպող սպունգը, որը կպչում է բույսերին, քայքայում մետաղը։ Սպունգի՝ կենդանի թե բույս լինելու վիճելի հարցը թերեւս շուտով հանգուցալուծում կստանա։

Խոսելով Սեւանա լճին սպառնացող վտանգներից՝ Արտակ Էլմասակյանը նկատում է՝ լճի հետ ինչ-որ բան է կատարվում։ Այս տարի այն սպասվածից շուտ «ծաղկեց», չնայած հատակին ջրի ջերմաստիճանը բավականին սառն էր։ «Երեւի կան թափոններ, որոնք նպաստում են ջրիմուռների արագ փսորմանը։ Կոյուղաջրերը չարիք են։ Եթե հնարավոր լինի այս հարցը կարգավորել, կխնայենք մեր լիճը»,- ասում է սուզորդը։

Լճի ստորջրյա գաղտնիքներով հետաքրքրվում են ոչ միայն գիտնականները։ ՃԿՊԱ շրջանավարտները պարբերաբար կապ են պահում իրենց դասախոսի հետ, ընկերակցում նրան սուզումների ժամանակ։ Վերջերս իր առաջին սուզումն է կատարել  Ջուլիետա Մարգարյանը, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ լինելուց բացի՝ ցանկանում է նաեւ պրոֆեսիոնալ ջրափրկարար դառնալ։

Սեպտեմբերին ստորջրյա բույսերի սերմերի անջատման շրջանն է։ Արտակ Էլմասակյանի խոսքով՝ գիտնականների հետ հերթական սուզումները կկազմակերպվեն Խոսրովի արգելոցի լճում, Արագածի Քարի լճում, ինչպես նաեւ Արաքս գետում, եթե սահմանապահներից թույլտվություն լինի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտակ ԷԼՄԱՍԱԿՅԱՆԸ