ՀՀ արտակարգ իրավիճակների նապարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» շարունակվում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» իրականացվում են միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի եւ հետազոտողի կրթական ծրագրեր: Ակադեմիայում կրթության համակարգն ունի ուղղահայաց կառուցվածք:
Այս ուսումնական տարում ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում ներդրվել է «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը: Սրա համար մշակվել են «Տեխնիկ-օպերատոր՝ որոնողափրկարարական աշխատանքներում հեռակառավարվող սարքերի շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը, ուսումնական պլանն ու մոդուլային ծրագրերը, որոնք հաստատվել են 2021 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով:
ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության ներդրումը ժամանակի պահանջ է, քանի որ գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոխվում են փրկարարական ու որոնողափրկարարական աշխատանքներում կիրառվող սարքերն ու սարքավորումները, ուստի եւ անհրաժեշտ է համապատասխան մասնագիտություններ ներդնել. «Այս մասնագիտության ներդրմամբ ակադեմիան կպատրաստի մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերի եւ ռոբոտային համակարգերի հետ»:
Մասնագիտության լիարժեք դասավանդման նպատակով ակադեմիայում 2020 թվականից ձեւավորվել է ռոբոտտեխնիկայի համալիր-լաբորատորիա հագեցած ժամանակակից տեխնիկայով, սարքերով, սարքավորումներով եւ այլ նյութերով: Ակադեմիան ունի նաեւ մասնագիտական հարուստ գրադարան. «Ինչպես «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում», այնպես էլ ակադեմիայի մյուս բոլոր մասնագիտությունների գծով որակյալ կադրերի պատրաստման համար ակադեմիան ապահովված է սովորողների ուսումնառության համապատասխան պայմաններով՝ կաբինետներ, լաբորատորիաներ, գործնական հմտությունների կատարման համար անհրաժեշտ վարժահրապարակներ, սպորտային հրապարակներ եւ այլն: Սիրելի՛ դիմորդ, բարի գալուստ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. ՃԿՊԱ ընդունելության մասին առավել մանրամասն՝ այստեղ