Ակադեմիայում էր ՈԱԱԿ փորձագիտական խումբը
Հուլիսի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» էր այցելել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը՝ ՃԿՊԱ որակի ապահովման ներքին համակարգի եւ կրթական ծրագրերի մշտադիտարկում անցկացնելու նպատակով: Փորձագիւտական խմբում ընդգրկված էին մասնագետներ ՈԱԱԿ-ի ինստիտուցիոնալ եւ ծրագրային փորձաքննության, քաղաքականության մշակման եւ իրականացման եւ այլ բաժիններից:
ՃԿՊԱ-ն առաջին անգամ պետական հավատարմագրում ստացավ 2017 թվականին՝ երկու տարի ժամկետով:

Հետո՝ 2021 թվականին՝ չորս տարի ժամկետով:

Հավատարմագրման ժամանակ ուսումնասիրվում են բուհի առկա ռեսուրսները. մասնագիտական ուսումնական հաստատության վարած քաղաքականության, ծավալած գործունեության ու հաստատության որդեգրած առաքելության համապատասխանություն, ՄՈւՀ-ի կառավարման համակարգի, վարչական կառույցների արդյունավետություն, մատուցվող կրթական ծրագրերի եւ հաստատության առաքելության համապատասխանություն, ՄՈւՀ-ի պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ կազմի մասնագիտական անհրաժեշտ որակներ, ուսումնական միջավայրի ստեղծման եւ սահմանված առաքելության ու նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայություն, ՄՈւՀ-ի արտաքին կապեր, որակի ապահովման ներքին համակարգ եւ այլն: Մշտադիրտարկման նպատակն է պարզել, թե հավատարմագրումից հետո ինչ աշխատանք է արվել, փորձագետների նկատած թերությունները վերացնելու համար ինչ է արվել:
ՃԿՊԱ ղեկավարությունն ու դասախոսները ՈԱԱԿ փորձագետներին ներկայացրեցին վերջին ձեռքբերումները՝ ակադեմիայում ստեղծվել է ռոբոտտեխնիկայի լաբորատորիա, որը հագեցած է անօդաչու թռչող սարքերով: Այս ռեսուրսի կիրառմամբ եւ ուսանողների մասնակցությամբ կազմվել են GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) ձեւաչափով բազմաշերտ քարտեզներ եւ այլն:
ՃԿՊԱ-ն ակտիվ համագործակցում է այլ բուհերի հետ, մասնավորաբար՝ բուհերի քաղաքացիական պաշտպանության ամբիոնների հետ: Լայն է նաեւ ՃԿՊԱ միջազգային համագործակցության շրջանակը: Ողջը մեկ նպատակով՝ Հայաստանում ձեւավորել անվտանգության մշակույթ՝ սկսած փողոցը ճիշտ տեղում, ճիշտ լույսի առկայությամբ հատելուց մինչեւ տարբեր ռիսկերին ու վտանգներին պատրաստ լինելու եւ ճիշտ արձագանքելու հմտություն եւ կարողություն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ