ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի 8 ուսանող հունիսի 29-ից հուլիսի 12-ը ուսումնական պրակտիկա անցան արտակարգ իրավիճակների եւ անվտանգության նախագծերի կառավարման R5 կենտրոնում։ Պրակտիկան ղեկավարում էր R5 կենտրոնի տնօրեն՝ Անի Տերտերյանը։ ՃԿՊԱ-ն եւ R5 կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին:

Ուսանողների պրակտիկան հագեցած էր։ Նրանք 14 օրում եղել են ոչ միայն R5 կենտրոնի ուսումնական եւ աշխատանքային ծրագրերի մասնակից, այլ նաեւ՝ ներկա գտնվել գործընկեր կազմակերպություններում կազմակերպվող որոշ միջոցառումներին։
Մանավորապես, ուսանողները R5 կենտրոնի առաջին օգնության ավագ հրահանգիչ Նեդա Պետրոսյանի ղեկավարությամբ մասնակցեցին «Երեմյան» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայում կազմակերպվող «Անվտանգություն եւ առաջին օգնություն» դասընթացին: Ժողովրդական արվեստների թանգարանում ծանոթացան մշակութային արժեքների պաշտպանության, պահպանության եւ տարհանման գործընթացների կազմակերպմանը։ Ծանոթացան մշակութային արժեքների փաթեթավորման, պիտակավորման, տեղափոխման նյութերին, փաստաթղթավորման ընթացակարգին։
R5 կենտրոնում ծանոթացան «Գոյատեւման պայուսակի» կառուցվածքին, պարունակությանը, կիրառությանը եւ ներկայացրեցին նաեւ իրենց առաջարկներն այն համալրելու ուղղությամբ, կատարեցին վիճակագրական հաշվարկներ, մշակեցին տարհանման պլան-սխեմա։
Իսկ ուսումնական պրակտիկայի վերջնարդյունքը «Հրաշք տնակ» մանկապարտեզում ՃԿՊԱ ուսանողների վարած խաղ-վարժանքն էր, որի շրջանակում ուսանողները մանկապարտեզի երեխաներին ու դաստիարակներին փոխանցեցին գործնական գիտելիքներ հրդեհի ժամանակ վարքականոնների մասին, խաղարկեցին իրենց ստեղծած «Գտի՛ր քո բարեկամին» մանկական խաղը։ Ուսումնական պրակտիկայի արդյունքում ՃԿՊԱ ուսանողները ստացան նոր գիտելիքներ եւ փորձ։
R5 կենտրոնի փորձագետների կարծիքով, ակադեմիայի ուսանողներն ունեն մասնագիտական հիմնարար գիտելիքներ, բարձր պատրաստվածություն, պատասխանատվության զգացողություն եւ կարող են դառնալ ոլորտի պահանջված մասնագետներ։

Լուսանկարները տրամադրել է Անի ՏԵՐՏԵՐՅԱՆԸ