Մայիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի գրասենյակում ներկայացրել է «Աղետիկը» երաժշտական բեմականացումը՝ հիմնադրամի շահառու ընտանիքների երեխաների համար:
Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը:
Փոքրիկ դերասանները երգուպարի միջոցով խրատում են թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Օրինակ ասում են՝
Ծնողներիդ, կամ մեծերի
Հետ անտառում եթե լինես,
Նրանց կասես, վառվող լուցկի,
Կամ մխացող ծխախոտի
Ոչ մի կտոր ցած չնետեն:
Կամ էլ յուղոտ, կամ բենզինոտ
Լաթի կտոր չմոռանան
Գետնին թողնեն…
Նման հորդորներից հետո «Աղետիկը» հիշեցնում է անվտանգ ապրելու կարեւոր պայմանը.
«Աղետիկից» ինչքան հեռու թե դու մնաք,
Այնքան հանգիստ կմեծանաք:
Թող չլինեն արհավիրքներ,
Ու թե եղավ, մի հապաղեք,
911 զանգահարեք,
Կգանք, կօգնենք»:
Ներկայացման ավարտին Աղետիկի դերակատար Եվան, իր դաշնամուրային կատարումներով հիացրել է բոլորին:
«Աղետիկի» բեմելը կայացել է 2016 թվականի մարտին՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաների մասնակցությամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցում: Դրանից հետո բեմադրությունը խաղացել են թե ՃԿՊԱ ուսանողները, թե մշակույթի կենտրոնի սաները: Անցած երեք տարում «Աղետիկը» ներկայացվել է տարբեր հաստատություններում: Մասնավորաբար. «Կրթություն եւ կարիերա 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում, երեխաների իրավունքների պաշտպանության օրվա նվիրված միջոցառումների ժամանակ, «Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում, Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում, նույն մարզի Ձորաղբյուր գյուղի դպրոցում, ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնում», Երեւանի թիվ 15 մանկապարտեզում, Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, Երեւանի թիվ 194, 106, 14 դպրոցներում եւ այլուր:

Լուսանկարները տրամադրել է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնը»