Վազում է՝ լուծվում է, կանգնում է՝ այրվում է, այսպիսի քիմիական հանելուկով սկսեց հերթական հետաքրքիր փորձերի ցուցադրումը «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի «Կիրառական քիմիա» դասընթացի ժամանակ դասախոս՝ քիմիական գիտությունների դոցենտ Անուշ Խաչատրյանը: Ջրով լցված բաժակի մեջ գցեց օքսիդային թաղանթից մաքրված մետաղական նատրիումի մի փոքրիկ կտոր: Այն «պտտվեց» ջրի երեսին, աստիճանաբար փոքրացավ և անհետացավ:
Բաժակի լուծույթին ավելացրեց ֆենոլֆտալեին, լուծույթը գունավորվեց մորու գույնով, որը բնորոշ է հիմքերին: Ջրով լցված Պետրեիի թասիկի մեջ նախորոք ջրի մակերեսին դրեց մի կտոր ֆիլտրի թուղթ, որի վրա նորից դրեց նատրիումի փոքր կտոր: Այս դեպքում նատրիումը բռնկվեց և բոցով այրվեց: Մենք հասկացանք հանելուկի իմաստը, ինչպես նաև այն, որ ալկալիկան մետաղները չի կարելի հրդեհաշիջել ջրով: Գրեցինք, քննարկեցինք ու մշտապես կհիշենք՝ ալկալիկան մետաղները չի կարելի հրդեհաշիջել ջրով:
«Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ