ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Ճգնաժամային կառավարում մասնագիտության» առաջին կուրսի ուսանողներ Գագիկ Միրզոեւը, Լիանա Տաշչյանը, Սաթենիկ Օհանյանը, ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Անահիտ Պապոյանի օգնությամբ կազմակերպել էին ասորիներին նվիրված ցերեկույթ: Ասորիները Հայաստանի ազգային փոքրամասնություններից երրորդն են՝ ռուսներից եւ եզդիներից հետո։ Այսօր Հայաստանում ապրում է մոտ 3 000 ասորի: Ասորական համայնքը ներկայացուցիչ ունի խորհրդարանում՝ պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւը ասորի է:
Մեզ հետ զրույցում, ուսանողներն ասացին, որ ասորիներին նվիրված ցերեկույթ կազմակերպելու միտքը ծնվել է Անահիտ Պապոյանի դասերից մեկի ժամանակ, երբ խոսում էին թարգմանչական համացանցային ծրագրերից ու պարզվել է, որ կան նման ծրագրեր, որոնցում չկա ասորերեն եւ ասորերենից թարգմանելու հնարավորություն:
«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպված ցերեկույթը սակայն չի սահմանափակվել միայն լեզվով: Ասորիներին նվիրված միջոցառման հեղինակները իրենց համակուրսեցիներին եւ դասախոսներին ներկայացրել են նաեւ ասորական դրոշը, ասորական մշակույթի, մասնավորաբար՝ պարերի մասին տեղեկություններ:
Ուսանողները գոհ են արդյունքներից ու չի բացառվում, որ այլ ազգերի մասին էլ նման ցերեկույթներ կազմակերպվեն:
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ