2021-2022 ուսումնական տարում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մագիստրոսի կրթական ծրագիրը կավարտի 62 շրջանավարտ՝ չորս մասնագիտության գծով՝ «Իրավագիտություն» («Ճգնաժամային իրավունք»), «Կառավարում» («Ճգնաժամային կառավարում»), «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» («Փրկարարական գործ»), «Հոգեբանություն» («Աղետների հոգեբանություն»):

Երեք մասնագիտության («Կառավարում» «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Հոգեբանություն») գծով 23 շրջանավարտ հունվարին արդեն մագիստրոս է դարձել` ավարտել է ՃԿՊԱ-ն: Փետրվարի 28-ին ավարտեց եւս յոթը՝ բոլորն էլ «Իրավագիտություն» («Ճգնաժամային իրավունք») մասնագիտությամբ: Յոթից երեքն ավարտել է գերազանցությամբ: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, այս յոթը մագիստրոսի կրթական ծրագրի «Իրավագիտություն» մասնագիտության առաջին շրջանավարտներն են: Նորաթուխ մագիստրոսներից 4-ը աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի տարբեր ստորաբաժանումներում:

«Իրավագիտություն» («Ճգնաժամային իրավունք») մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանության համար, արտակարգ իրավիճակների հրամանով ստեղծված հանձնաժողովի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Քոչարյանն էր, անդամներն էին ՃԿՊԱ ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, իրավաբան գիտնականներ սահմանադրական դատարանից, հայ-ռուսական համալսարանից:

Օվսաննա Բադալյանը ավարտել է ՃԿՊԱ բակալավրիատը՝ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությամբ ու ընդունվել մագիստրատուրա «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ: Հետո որոշել է մեկտեղել երկու մասնագիտությամբ սովորելն ու ընդունվել է նաեւ ՃԿՊԱ մագիստրատուրայի «Իրավագիտություն» մասնագիտություն: «Փրկարար լինելը կոչում է, որ չունի ազգային պատկանելիություն, դավանանք եւ մաշկի գույն: Դժվարության մեջ գտնվող մարդիկ միշտ օգնության ձեռք են փնտրում եւ միշտ այդ ձեռքը լինում է փրկարարինը: Իմ նպատակն է եղել դառնալ որակավորված մասնագետ հենց այս ոլորտում: «Ճգնաժամային իրավունքը» նոր ձեւավորող ոլորտ է մեզ համար: Հույս ունեմ, ՃԿՊԱ-ում ստացած գիտելիքներս կծառայեն իրենց նպատակին», — նկատեց Օվսաննան:

Բեգլարյան Մերին վստահ է, որ մեծ պատիվ եւ պատասխանատվություն է «Իրավագիտություն» («Ճգնաժամային իրավունք») կրթական ծրագրի մագիստրոս լինելը: «ՃԿՊԱ-ն հնարավորություն տվեց սովորել եզակի մասնագիտություն, շփվել բանիմաց եւ պրոֆեսիոնալ դասախոսական կազմի հետ եւ ստանալ որակյալ կրթություն: Այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ եզակի, մրցունակ եւ որակյալ կրթություն, խորհուրդ եմ տալիս շարունակել իրենց մագիստրոսական կրթությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Միշտ հպարտությամբ եմ կրելու ՃԿՊԱ շրջանավարտի կոչումը», — նկատեց Մերին:

Գալինա Ղանդիլյանն էլ հավելեց. «Մասնագիտական գործունեության ուղղությունը կարող է բարոյական բարձր բավարարվածություն բերել: Իրավագետի մասնագիտության գրավչությունը, ինձ համար նրա որոշակի անկախության մեջ է: Ընտրելով այս մասնագիտությունը՝ մարդը դառնում է ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպան, ինչը պահանջում է բարձր բարոյականություն եւ ոգեղենություն»:

Հունիսին նշանակված է մագիստրոսի կրթական ծրագրի երեք մասնագիտության («Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Հոգեբանություն») 32 սովորողի մագիստրական թեզի պաշտպանություն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ