Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, փետրվարի 1-3-ը ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի «Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմի» (EXCON՝ Exercise Coordination) վերապատրաստում, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների (փրկարարական ուժերի վարչություն, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչություն) փրկարարներ, ՃԿՊԱ դասախոսներ, աղետների ռիսկի նվազեզման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգողը` 16 փրկարար:
INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի ղեկավար կազմի վերապատրաստում կազմակերպվում է ամեն տարի, այս տարվա դասընթացը առանձնահատուկ է՝ այս տարվա սեպտեմբերին անցկացվելու է INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի վերաորակավորման վարժանքը: Ապրիլին նախավարժանքն է:
ՃՊԿԱ փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանի խոսքով, մեր թիմի որակավորումից հետո` 2015 թվականից, INSARAG-ի որակավորման ստուգաթերթում բազմաթիվ փոփոխություններ են արվել ու այս փոփոխություններն էլ կդառնան միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմի վերապատրաստման թեմաներ:
Ղեկավար կազմի վերապատրաստմանը կհետեւեն արդեն ըստ խմբերի վերապատրաստումների դասընթացներ. տեղեկատվության համակարգման եւ կառավարման խումբ, «Տեխնիկական որոնում», «Համակողմանի ապահովում», «Տակելաժային աշխատանքների կառավարում», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանք», «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում»: Այս ամենը մինչեւ ապրիլի նախավարժանք:
Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի հրամանատար, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը հայկական ՔՈՓ թիմում է 2015 թվականից: Նախ՝ թիկունքային ապահովման պատասխանատուն էր, հրամանատարն է 2017 թվականից: Մեզ հետ զրույցում, հրամանատարը նշեց, որ ՔՈՓ թիմում նորեկներ կան, որոնք փորձառու փրկարարներ են ու լավ են տիրապետում իրենց գործին: «Վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն նաեւ ապրիլի նախավարժանքից հետո, որ շտկվեն հնարավոր թերությունները; Գույքային հարցերի մի մասը լուծված է, մյուսի մասի լուծումն ընթացքում է»:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները
Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման այս տարվա 24 դասընթացից 8-ը INSARAG-ի չափանիշներով է: