Ստեփանավանի համայնքապետարանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան», «Լոռէ փրկարար ջոկատը» եւ «Ավիացիոն կրթության եւ նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպություններն համագործակցության հուշագիր են կնքել, որի շրջանակում Ստեփանավանում ստեղծվել է համայնքային ավիացիոն, հեռակառավարվող համակարգերի եւ ռոբոտաշինական նորարարական ռեսուրս կենտրոն։ Հուշագրին առանձին հավելվածով միացել է նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար աշխատանքների համակարգման կենտրոնը։ Նախաձեռնության հեղինակը ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն է։

Կենտրոնը դառնալու է հարթակ-միջավայր համայնքի երիտասարդների եւ մասնագետների համար՝ տարբեր ոլորտներում ավիացիոն եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու, գիտելիք եւ հմտություններ ձեռքբերելու, մասնագիտական կողմնորոշման համար: Ծառայելու է որպես գիտափորձարարական լաբորատորիա՝ մասնագիտական ուսումնասիրություններ, մոնիտորինգներ, աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման արդյունավետ կազմակերպման եւ այլ խնդիրների շուրջ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ Լաբորատորիայում նախագծվելու են ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ հեռակառավարվող այլ սարքեր, որոնց օգնությամբ լուծվելու են քարտեզագրման եւ այլ խնդիրներ։ Բացի դրանից՝ կենտրոնը նպաստելու է համայնքում «Խելացի եւ նորարարական կառավարում» մոդելի ներդրմանն ու զարգացմանը, կյանքի են կոչվելու ավիացիայի եւ հեռակառավարվող սարքերի կառավարմանն ուղղված մասնագիտական որակավորման բարձրացման միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրեր:

Կենտրոնի տարածքի տրամադրման, վերանորոգման եւ անվտանգության հարցերը հոգացել է Ստեփանավանի համայնքապետարանը։ Կառավարումը հանձնվել է «Լոռէ փրկարար ջոկատին»։

«Լոռէ փրկարար ջոկատի» հրամանատար, ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը նշեց, որ ակադեմիան օգտագործելու է ռեսուրս կենտրոնի կարողությունները՝ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար, փորձարկելու է նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություները ԱՌԿ, փրկարարական եւ որոնողական աշխատանքներում, աջակցելու է կենտրոնին երկրատեղեկատվական քարտեզագրման, դիմակայունության կարողությունների զարգացման գործընթացում (խորհրդատվություն, ոլորտային թեմաներով դասընթացներ եւ այլն), անհրաժեշտության դեպքում՝ կենտրոնի հետ համատեղ նախագծելու եւ պատրաստելու է ԱԹՍ-ներ, ռոբոտացված եւ հեռակառավարվող սարքավորումներ։ «Ավիացիոն կրթության եւ նորարարության կենտրոնը ներկա պահին մեր դասախոսներից եւ ուսանողներից հրահանգիչներ է պատրաստում՝ ավիամոդելավորման ուղղությամբ։ Ծրագիրն ավարտելուց հետո հաջորդ ամիս կձեւավորենք խմբակներ, որոնցում կարող է ընդգրկվել մաթեմատիկայի եւ անգլերենի իմացությամբ ցանկացած մարդ, որը հետաքրքրված է ավիացիայի ոլորտով։ Տարիքային սահմանափակում չենք դրել»,- հավելեց Արմեն Առաքելյանը։

«Լոռէն» իր տարածքում կտրամադրի լսարաններ եւ վարժահրապարակ՝ նորարարության կենտրոնի սաների եւ հրահանգիչների համար գործնական պարապմունքներ, ԱՌԿ եւ համայնքային մակարդակում ռիսկերի գնահատման, առաջին օգնության եւ այլ դասընթացներ իրականացնելու նպատակով, կօգնի մասնագիտական խորհրդատվությամբ՝ քարտեզագրման, մոնիտորինգի, ռիսկերի գնահատման եւ տուրիզմի հարցերում։ Ըստ անհրաժեշտության՝ Ստեփանավանի hամայնքային ճգնաժամային կառավարման եւ հումանիտար կենտրոնը նույնպես կծառայի որպես հարթակ՝ գործնական պարապմունքների եւ վերլուծական հետազոտությունների համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը