2022 թվականի մարտի մեկին՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կանցկացվի «Քաղաքացիական պաշտպանության արդի մարտահրավերները» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովի նպատակն է՝ բակալավրի եւ մագիստրատուրոսի կրթական ծրագրերի տարբեր մասնագիտությունների ուսանողների, երիտասարդ գիտնականների ներուժի բացահայտումը, ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներբուհական եւ միջբուհական համագործակցության զարգացումը, նրանց ուշադրության կենտրոնացումը քաղաքացիական պաշտպանության ժամանակակից մարտահրավերներին: Գիտաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ վերջին տարիներին մեր երկրում մոտ 7 ամիս տեւած ռազմական դրությամբ եւ COVID-19 համաճարակով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ սույն թվականի փետրվարի 7-ը մասնակցության հայտն ուղարկել info@cmsa.am էլեկտրոնային հասցեով: Իսկ ներկայացվող զեկուցման ամբողջական տարբերակը եւ սկանավորված երաշխավորագիրը մինչ սույն թվականի փետրվարի 15-ը ուղարկել նույն էլհասցեին կամ ներկայացնել ակադեմիա (Երեւան- 40, Աճառյան 1, 2-րդ հարկ, 217 սենյակ):

Գիտաժողովում ներկայացված զեկույցները կտպագրվեն ՃԿՊԱ գիտական հանդեսի հատուկ համարում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Առաջին անգամը չէ, որ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» գիտաժողով է կազմակերպում: Մասնավորաբար՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, ակադեմիայում անցկացվել է «Աղետների հոգեբանություն» գիտաժողով:

2018 թվականին դեկտեմբերին՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, անցկացվել է «Դիմակայուն Հայաստան» գիտաժողով:

2019 թվականի նոյեմբերին անցկացվել է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» գիտաժողով: