ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների անցկացման ծրագիրը: Ըստ ծրագրի, կկազմակերպվի վերապատրաստման 23 դասընթաց, որոնցից ութը՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով: Դասընթացներին կմասնակցի 350 փրկարար՝ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, խմբի պետեր, INSARAG-ի արտաքին որակավորում անցած՝ միջազգային եւ ներքին որակավորում անցած՝ ազգային քաղաքային որոնողափրկարարական թիմերի անդամներ:

Դասընթացների թեմաներն են. «Տեխնիկական որոնում», «Համակողմանի ապահովում», «Տակելաժային աշխատանքների կառավարում», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում», «Առաջին օգնության ցուցաբերում» եւ այլն:

ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» համագործակցության պայմանագրեր ունի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, «Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ: Այս պայմանագրերի շրջանակներում կկազմակերպվեն «Փրկարարական պատրաստություն», «Հակահրդեհային պատրաստություն», «Առաջին օգնություն» թեմաներով դասընթացներ եւ պրակտիկ ուսումնական վարժանքներ:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստումներին միշտ էլ մասնակցում է նախատեսվածից ավելի մարդ:

2018 թվականին 259 փրկարարի փոխարեն մասնակցել է 471 փրկարար: Եվս 320 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

2019 թվականին 319 փրկարարի փոխարեն մասնակցել է 454 փրկարար: Եվս 219 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

2021 թվականին 300 փրկարարի փոխարեն մասնակցել է 684 փրկարար, որից 395-ը՝ արտապլանային դասընթացների ունկնդիրներն են: Եվս 104 հոգի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ