ՀՀ կառավարության 2015 թվականի 22 Հունվարի 46-Ն որոշմամբ հաստատվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը: Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց տեսական գիտելիքները եւ գործնական ունակությունները` ուղղված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, նյութական եւ մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը: Այս ամենն արվում է ուսումնավարժությունների, վարժանքների, դասախոսությունների, սեմինարների միջոցով:
Ամեն տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մշակում է սեմինարների եւ դասընթացների տարեկան պլաններ, իսկ ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում վերապատրաստումները:
2022 թվականի պլանի համաձայն, կկազմակերպվի 86 դասընթաց եւ սեմինար, որոնցից 20-ը՝ արտագնա Երեւանի մետրոպոլիտենում, Երեւանի եւ մարզերի տարբեր կրթական հաստատություններում, համայնքապետարաններում, Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում: Դասընթացներին կմասնակցի 2045 մարդ՝ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, դասախոսներ, ուսանողներ, տարբեր կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուներ, տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ եւ այլք:
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է նախատեսվածից ավելի շատ մարդ: Մասնավորաբար.
2016 թվականին նախատեսված 1830-ի փոխարեն վերապատրաստվել է 1884 մարդ:
2017 թվականին նախատեսված 1830-ի փոխարեն վերապատրաստվել է 1941 մարդ:
2018 թվականին նախատեսված 1855-ի փոխարեն վերապատրաստվել է 2003 մարդ:
2019 թվականին նախատեսված 2000-ի փոխարեն վերապատրաստվել է 2206 մարդ:
2020 թվականին նախատեսված 2000-ի փոխարեն վերապատրաստվել է 2665 մարդ:
2021 թվականին նախատեսված 2025-ի փոխարեն վերապատրաստվել է 2247 մարդ:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ