Առաջին օգնության հենակետերը շարունակում են իրենց աշխատանքը։ 2021 թվականի դեկտեմբերի 27-2022 թվականի հունվարի 3 ժամանակահատվածում կանչեր են սպասարկել ժամանակավոր 5 հենակետից 4-ի փրկարար-ծառայողները:

Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում գտնվող հենակետը սպասարկել է մեկ կանչ․ քաղաքացին պահեստային անվադող չունենալու պատճառով մնացել է կես ճանապարհին, նրան ցուցաբերվել է օգնություն։

Սյունիքի մարզի Աղվանիի եւ Վերին Խոտանանի հենակետերում փրկարար ծառայողներն արձագանքել են բեռնատարի քարշակման 4 կանչի։ Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արմեն Ավագյանի խոսքով՝ M2 միջպետական ճանապարհի փակվելուց հետո H45-ը երկկողմանի ծանրաբեռնված է։ Բացի դրանից՝ բեռնատարերը սովորաբար գերբեռնված են լինում եւ զառիվեր ճանապարհները հաղթահարել չեն կարողանում․ կարիք է լինում օգնության։ Ամռան համեմատ՝ այս շրջանում Տաթեւի ճոպանուղի այցելուների թիվը բավական նվազել է, բայց փրկարարների զգոնությունը միշտ տեղն է։ Ավագ հրահանգիչը վերհիշում է, որ նախորդ տարիներին քաղաքացիների վնասվելու, նույնիսկ՝ մահվան դեպք են ունեցել հատկապես Սատանի կամրջի տարածքում։

Շիրակի մարզի Վարդաղբյուրի հենակետի ծառայողները սպասարկել են արգելափակման չորս դեպք։ «Ճանապարհներն անցանելի են, տեղ-տեղ սառույց կա, սակայն ճանշինը լավ աշխատում է։ Վարորդներն ավելի զգուշավոր են դարձել, դեռ ձյուն չեկած՝ ձմեռային անվադող են տեղադրում։ Անվադողերի հետ խնդիր ունենում են հիմնականում արտերկրյա բեռնատարի վարորդները, որոնք մեր խստաշունչ կլիմային սովոր չեն։ Վերջերս մեկին տեղափոխել էինք մեր հենակետ եւ բացատրական աշխատանք տարել»,- նշեց Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Վահագն Դանիելյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ