ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» այսօր համագործակցության եւս երկու հուշագիր ստորագրեց` արտակարգ իրավիճակների եւ անվտանգության նախագծերի կառավարման «R5» կենտրոնի եւ «Լայթ լայն» ընկերության հետ:

«R5» կենտրոնի (risk, reduction, response, recovery, restart` ռիսկ, նվազեցում, արձագանքում, վերականգնում, վերագործարկում) նպատակն է՝ արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների փոխանցումը եւ անվտանգության ապահովման ծառայությունների մատուցումը։ Կենտրոնի գործունեության ուղղություններն են՝ կրթություն, խորհրդատվություն, աղետների ռիսկերի գնահատում, ծառայություններ, նախագծերի մշակում: Կենտրոնի ղեկավարը ՃԿՊԱ շրջանավարտ եւ դասախոս Անի Տերտերյանն է: ՃԿՊԱ-«R5» կենտրոն համագործակցության նպատակն է՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում ձեւավորել գիտահետազոտական, ուսումնական փոխշահավետ համագործակցություն ու ամրապնդել անվտանգության մշակույթը։

Կնքված հուշագրի համաձայն, ՃԿՊԱ-ն «R5» կենտրոնին կաջակցի հետեւյալ հարցերում. տարաբնույթ վտանգներից անվտանգությանն ուղղված թեմաներով վերապատրաստումների իրականացում, տարհանման, պատսպարման գործնական վարժանքների կազմակերպման ու իրականացման հարցերում ուսումնամեթոդական աջակցություն եւ խորհրդատվություն, ԱՌՆ կրթությանն ուղղված էլեկտրոնային նյութերի (դասագրքեր, մեթոդական աշխատանքներ, հուշաթերթեր, տեսանյութեր եւ այլն) տրամադրում, ԱՌՆ գիտական, ուսումնական աշխատանքներին օժանդակում, փոխադարձ հետաքրքրություններին համապատասխանող այլ միջոցառումների անցկացում: Կենտրոնը պատրաստ է իր մոտ կազմակերպել ՃԿՊԱ ուսանողների արտադրական պրակտիկան:

ՃԿՊԱ-«Լայն լայթ» համագործակցությունը նպատակն էլ անվտանգության մշակույթի ամրապնդումն է: «Լայթ Լայն» ընկերության նպատակն է օժանդակել տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին՝ իրականացնել պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացումը:

Կնքված հուշագրի համաձայն, ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպություններին կներկայացնի արտակարգ իրավիճակներին եւ քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող դասընթացների եւ սեմինարների անցկացման կարեւորությունը եւ ակադեմիայի մասնագետների օգնությամբ կկազմակերպվեն տարաբնույթ վտանգներից անվտանգությանն ուղղված թեմաներով կարճաժամկետ դասընթացներ, տարհանման, պատսպարման գործնական վարժանքներ, փոխադարձ հետաքրքրություններին համապատասխանող այլ միջոցառումներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ