Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ: Խորհուրդը հաստատեց 2021 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը եւ 2022 թվականի ծրագրերը: Հիմնական զեկուցողը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն էր:

Ինչպես եւ նախորդ տարիներին, 2021 թվականին ակադեմիան աշխատել է հետեւյալ հիմնական ուղղություններով՝ փրկարարների վերապատրաստում, ղեկավար կազմի վերապատրաստում, միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպում, բնակչության ուսուցում, գիտահետազոտական աշխատանքներ: Ծախսերի արդյունավետության բարձրացման, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հեռավար դասընթացներ կազմակերպելու արդյունքում ֆինանսական միջոցներ են տնտեսվել, սակայն, ծրագրերը գերակատարվել են: Մասնավորաբար. 2021 թվականին նախատեսված էր 300 փրկարարի վերապատրաստում իրականացվել է 827 փրկարարի վերապատրաստում եւ որակավորում: Նախատեսված էր 2025 քաղաքացիական ունկնդիր վերապատրաստում, իրականացվել է 2247 հոգու վերապատրաստում՝ պետական, համայնքային կառույցներ, մասնավոր ընկերություններ եւ այլն: Հրատարակվել է մոտ 10 հեղինակի 16 ուսումնական ձեռնարկ: Ակադեմիան շարունակում է համագործակցել տեղական եւ արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ ճգնաժամային կառավարման ոլորտում մասնագիտացած այլ կազմակերպությունների հետ, այդկերպ հզորացնելով ԱԻՆ ոլորտի խնդիրների լուծումների գիտական կարողությունները:

Այսօր ակադեմիայում սովորում է 1132 ուսանող, իսկ ՃԿՊԱ շրջանավարտներն աշխատում են ոչ միայն ԱԻՆ համակարգի տարբեր ստորոբաժանումներում, այլ նաեւ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում, ոստիկանությունում, ազգային անվտանգության նախարարությունում: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 40 շրջանավարտ աշխատում է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»:

2021 թվականին գիտափորձնական աշխատանքներ են արվել որոնողափրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ-ներ, կիրառելու հարթությունում: Ամռանը՝ Սեւանա լճում հանգստի ակտիվ շրջանում, ԱԹՍ-ներով անվտանգության կանոնների պահպանման հանրային իրազեկում է կազմակերպվել Սեւանա լճի լողափներում:

2022 թվականին այս աշխատանքները կշարունակվեն: Մեծ է հավանականությունը, որ ակադեմիայում կբացվի նոր մասնագիտություն՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ Ավոյանի