ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն, նոյեմբերի 15-19-ը ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում վերապատրաստվում են Երեւանի եւ մարզերի հանրակրթական տարբեր դպրոցների ռազմագիտության ուսուցիչներ: «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստման դասընթացի բաղկացուցիչներից են ժամանակակից մարտահրավերների թեմայով դասախոսությունները. «Խոցման ժամանակակից միջոցներ», «Ահաբեկչություն», «Կապ եւ ազդարարում» եւ այլն:

Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերի նվազեցմանը նպաստող արդյունավետ գործիք է անօդաչու թռչող սարքը: Հենց սա նկատի ունենալով էլ, որոշվեց վերապատրաստվող ուսուցիչների հետ դաս անցկացնել նաեւ ՃԿՊԱ ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում: Ռազմագիտության ուսուցիչները ծանոթացան լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությանը, առկա ԱԹՍ-ներին: Այս ԱԹՍ-ներն արդեն փորձարկվել են ՃԿՊԱ տարբեր գործնական պարապմունքներում: ՃԿՊԱ-ում պատրաստակամ են մշտական կապ պահել ռազմագիտության ուսուցիչների հետ եւ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն եւ վերապատրաստում կազմակերպել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ