Նոյեմբերի 17-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի մասնաճյուղում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 6 սանին նվիրված հուշանկյուն։ Դասախոս Անժելա Բադալյանի համադրումով ցուցադրվեց Ժորա Առաքելյանի, Նարեկ Ասրյանի, Գեւորգ Մուրադյանի, Հրաչյա Արզումանյանի, Գոռ Ղարաջյանի ու Վանիկ Խաչատրյանի մասին պատմող տեսաշար։ Միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողները ներկայացրին տողեր ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Խաչքարերի լռությունը» ժողովածուից։ Մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, Ստեփանավանի քաղաքապետարանի ու մշակույթի տան աշխատողներ։

«Կառավարում արտակարգ իրավիճակներում» բաժնի ուսանող Սաթեն Կակոյանը պատմեց՝ եղբայրը պատերազմի օրերին Մատաղիսում էր, եւ զինվոր ունեցող բոլոր ընտանիքների նման իրենց ապրումներն էլ աննկարագրելի էին։ «Ամեն անգամ զոհվածների ցուցակը դիտելիս աղոթում էինք, որ ծանոթ անուն չլինի։ Պատերազմը հասունացրեց մեզ, սկսեցինք կյանքին ուրիշ աչքով նայել։ Այսօր յուրաքանչյուրը՝ աղջիկ թե տղա, պիտի ներդրում ունենա մեր սահմանները, հայրենիքը պահելու գործում։ Անբացատրելի ուրախություն է, երբ ինչ-որ բանով օգնում ես քեզ պաշտպանող զինվորին»,- նշեց երիտասարդը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է «Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանը: Հուշանկյունը մեր զոհված ուսանողներին նվիրված հերթական նախաձեռնությունն է: Մայիսին անցկացվել էր նրանց հիշատակին նվիրված ֆուտբոլի առաջնություն: