Նոյեմբերի 17-ին ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվեց գրական ցերեկույթ: Միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները ներկայացրին հատվածներ Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքից:

Ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ 100 տարի առաջ ստեղծված այս շարքը, որը պատմում է հայի կորստի ու պայքարի մասին, առավել քան արդի է այսօր: Հայը միշտ նույն ճանապարհն է անցնում, եւ միայն մտածողության փոփոխությամբ կարող է հասնել հաղթանակի:

«Երկիր Նաիրիով» մեկնարկում ենք հայ մեծանուններին նվիրված գրական ցերեկույթների շարքը: Յուրաքանչյուրս պետք է իմանա մեր գրականությունը, պատմությունը: Երիտասարդներին պետք է ցույց տալ, որ ապագան իրենցն է, որ նրանք իրենց հողին ամուր կանգնած մնան»,- ասաց միջոցառման կազմակերպիչ, մեթոդիստ Տաթեւ Հովակիմյանը եւ հավելեց, որ երեկվանից սահմանային գոտում լարված իրավիճակի պատճառով միջոցառման մասնակիցներից մեկը կամավոր մեկնել է դիրքեր:

«Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ շահագործում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Աշոտ Հովհաննիսյանն անկեղծանում է՝ մանկուց ծնողներից ու մեծահասակներից հայրենասիրական դաստիարակություն է ստացել: Եղբայրն այժմ ծառայում է հայոց բանակում, ի՛նքն էլ պիտի ծառայի: Հարցին՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի երիտասարդությունը՝ վաղվա խաղաղ ապագան կերտելու համար, Աշոտը պատասխանում է. «Պիտի հասկանանք, որ չունենք պայքարի ուրիշ ձեւ՝ բացի միասնական լինելուց: Դիմացինի մեջ լավը տեսնենք ու օգնենք նրան: Երբ հասկանանք, որ այն, ինչ անում ենք, մեր երկրի համար է, այդ ժամանակ ինչ-որ բանի կհասնենք»:

«Ճգնաժամային կառավարում» բաժնի չորրորդ կուրսի ուսանող, պրոֆեսիոնալ պարուհի Լուսինե Բաղդասարյանն ազգային պարը հատուկ է ընտրել: Նրա խոսքով՝ պարը սյուժե է, ամեն մանրուք ներկայացնում է տվյալ ժամանակի իրադարձությունները: Իր կատարումով նա ցանկացավ ցույց տալ, որ հայը միշտ հպարտ է, որքան էլ դժվար լինի: Երիտասարդի խոսքով՝ ազգային պարն ինքնության մաս է, եւ շատ կարեւոր է հայ ընտանիքներում այդ արժեքը պահպանելը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ