Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 11-ին անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջազգային երիտասարդական չորրորդ դպրոց-կոնֆերանսը, որին մասնակցել են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» երկուական դասախոս եւ ուսանող:

Տեսակապով անցկացվող դպրոցին մասնակցել են ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան) այլ նաեւ Սերբիայի, Մոնղոլիայի, Վիետնամի ներկայացուցիչներ:

Առ-ցանց կոնֆերանսի ընթացքում կազմակերպվել է երեք սեկցիա՝ «Եվրասիական անվտանգություն», «Հակազդում նոր մարտահրավերներին ու ռիսկերին», «Բնակչության եւ տարածքների պաշտպանություն տեխնածին եւ տարերային աղետներից»: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ «Թմրադեղերի օգտագործման քարոզ համացանցում», «Մեդիագրագիտություն», «Տարհանման անհնարինության դեպքում անտառային հրդեհներից պաշտպանություն», «Բնակչության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցություն» եւ այլն:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ