Նոյեմբերի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնի հետ համատեղ իրականացրել է մեկօրյա արտ-թերապեւտիկ զարգացնող ծրագիր Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների երեխաների համար:

Մասնակցել են 5-12 տարեկան 12 երեխա։ Նրանց հնարավորություն է տրվել նկարել ապակու ու թղթի վրա, թեմատիկ ընտրության հարցում սահմանափակում չի եղել։ Մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանի խոսքով՝ երեխաները սովորել են օգտվել մոլբերտից, մակագրել ու տուն են տարել իրենց նկարազարդած հախճապակին։ Մասնագետների գնահատմամբ՝ նրանցից ոմանք բնատուր նկարչական ձիրք ունեն եւ շարունակական պարապմունքների շնորհիվ կարող են հաջողության հասնել։ «Մի տղա, որի հայրիկը փրկարար էր, փայլուն պատկեր էր ստացել՝ այրվող տուն ու հրշեջ-մեքենա։ Այնքան լավ էր նկարել, թեեւ սկզբում ամաչում էր ու հրաժարվում։ Վերջում աշխատանքների ցուցադրություն արեցինք, ինչից երեխաներն ավելի ոգեւորվեցին։ Արտ-թերապիան սթրեսից դուրս գալու լավագույն միջոցն է։ Սկսում ես երեխային նոր կողմից բացահայտել, հասկանում ես՝ ինչ ցանկություններ նա ունի»,- ասաց Քնարիկ Զաքարյանը։

ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արեւիկ Երիցյանը եւս տպավորված էր հանդիպմամբ։ Հիմնական շեշտը դրվել էր երեխաների հուզական, մտավոր ներդաշնակության զարգացման, հուզական լարվածության նվազեցման եւ անձնական դրական որակների ձեւավորման վրա։ Դասընթացից զատ՝ հանդիպումներ են եղել վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատորների հետ, նրանց ցուցաբերվել է մեթոդական օգնություն՝ հուզական հակազդումների ժամանակ առաջին հոգեբանական օգնության վերաբերյալ։ Որոշ ծառայողներ անցել են վերականգնողական թերապիա։

Շիրակում արտ-թերապիայի դասընթացը երկրորդն էր մշակույթի կենտրոնի եւ հոգեբանական աջակցության բաժնի համագործակցության շրջանակում։ Նախկինում անցկացվել են նկարչության դասընթացներ ԱԻՆ աշխատակիցների, Արցախից տեղահանված երեխաների հետ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները