ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի ազգային հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին եւ 23-ին անցկացվեց «Հյուսիսային Հայաստանը պատմության խաչուղիներում (պատմամշակութային համադրություններ)» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, պատմության, երկրաբանական գիտությունների, հնագիտության եւ ազգագրության, արվեստի ինստիտուտների, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչներ՝ 56 գիտնական: Ներկա էին նաեւ արտասահմանից հույրեր՝ Աթենքի ազգային համալսարանի աստվածաբանության դոկտոր՝ Գեւորգ Ղազարյանը, բանասիրական ընկերության անդամ Ռոբերտ Մաք Դաուելը եւ անկախ հետազոտող Քորլի Ֆելիքսը Միացյալ թագավորությունից:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ներկայացնում էր ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմագիտության թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը: Նա եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Էկոլոգիայի եւ կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի (МАНЭБ) հայկական բաժանմունքի նախագահ, երկրաբանության թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը համահեղինակությամբ ներկայացրել են «Պրոֆեսոր Պ.Ի. Լեբեդեւի ավանդը 1926 թվականի Լենինականի երկրաշարժի ուսումնասիրության ասպարեզում (135-ամյակի կապակցությամբ)» հոդվածը: Հոդվածը նվիրված է ԽՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Պյոտր Լեբեդեւի 1926 թվականի հոկտեմբերի 22-ի Լենինականի (այժմ՝ Գյումրի) երկրաշարժի հետեւանքների ուսումնասիրության ավանդին: Լեբեդեւի ուսումնասիրությունը երկրաշարժի հասցրած ավերվածությունների մանրակրկիտ եւ բազմակողմանի գնահատականից բացի, նաեւ նախկին ԽՍՀՄ տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման առաջին փորձն է:

Հոդվածի հեղինակները վստահ են, որ Լեբեդեւի մոտ մեկ հարյուրամյակի վաղեմությամբ ուսումնասիրությունները ցայսօր չեն կորցրել իրենց արդիականությունը: Լեբեդեւը նկատել է, որ երկրաշարժի հետեւանքով առաջացած ավերածությունների հիմնապատճառը շինությունների պարզունակ բնույթն ու սեյսմակայուն շինարարության կաննոների լիակատար անտեսումն էր: Գիտնականը լուծում է առաջարկում. տարածքի երկրաբանական լուրջ հետազոտություններ, շինարարության համար նախատեսված հողի, այսինքն՝ ամուր ժայռային ապարների տեղադրվածության խորության եւ նրանց ծածկող ավելի թույլ ողողատների հիմնարար ուսումնասիրություն, երկրաշարժերի համար խոցելի տարածքներում փողոցների եւ շինությունների պատերի ուղղության ճիշտ ընտրություն, ինչը հնարավորություն կստեղծի հնարավոր առավել արդյունավետ դիմակայել երկրաշարժերի ալիքներին: