Հոկտեմբերի 15-17-ը Երեւանի պետական համալսարանում անցկացվել է «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի հատուկ նստաշրջան՝ նվիրված հետպատերազմյան հոգեբանական աջակցության հիմնախնդիրներին: Գիտական հավաքին մասնակցել են նաեւ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մագիստրոսի կրթական ծրագրի «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողներ Աղավնի Մարգարյանը, Սոնա Ջանոյանը, Քրիստինե Չիլինգարյանը եւ Անժելիկա Դավինյանը։ Նրանք ներկայացրել են «Փրկարարների հոգեբանական պատրաստվածության կարեւորությունը եւ սոցիալ-հոգեբանական աջակցությունը պատերազմի ժամանակ» թեմայով զեկույց։

Ըստ զեկույցի, արտակարգ իրավիճակում փրկարարները բուն փրկարարական աջակցություն են ցուցաբերել, նաեւ մասնակցել մարտական գործողությունների, իսկ պատերազմից հետո արդեն՝ հատուկ աջակցություն: Այս պայմաններում հոգեբանական խնդիրներ չունենալու համար անհրաժեշտ են՝ փրկարարի հոգեկան կայունություն, սթրեսներին դիմակայելու բարձր մակարդակ, ճգնաժամի ժամանակ օրգանիզմի հոգեֆիզիոլոգիական համակարգերի անխափան աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հիմք, օրգանիզմի ընդհանուր եւ հոգեկան ամուր առողջություն: Հետեւաբար՝ ճիշտ է պնդումը, որ հոգեբանական պատրաստվածությունը փրկարարների ընդհանուր պատրաստվածության կարեւոր բաղկացուցիչն է՝ իրեն բնորոշ խնդիրներով, նպատակներով, կառուցվածքով:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները