Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առիթով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվեց ուսանողական վարժանք, որին մասնակցում էին ՃԿՊԱ «Փրկարարական գործ» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների երրորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողները: Անվտանգությունն ապահովում էին ՃԿՊԱ դասախոսները:

Վարժանքի սցենարի համաձայն, Երեւանում տեղի է ունեցել երկրաշարժ, ակադեմիայի շենքը վնասվել է: Շենքում մնացած ուսանողներին եւ դասախոսներին անվտանգ տարածք տեղափոխելուց եւ ներկայության ստուգումից հետո պարզվում է, որ բացակայում է հինգ ուսանող: Անօդաչու թռչող սարքով, ձայնաորսիչով եւ ռոբոտով հետախուզության արդյունքում շենքի երրորդ հարկում հայտաբերվում է երեք, իսկ նկուղում՝ երկու ուսանող: Պարանների եւ փրկարարական սարքերի միջոցով տուժածները տարհանվում են: Սրան զուգահեռ, ահազանգ է ստացվում, հրդեհ է բռնկվել ակադեմիայի շենքին հարեւան շենքում: Հրդեհը մարվում է:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիրթարյանի խոսքով, աղետների ռիսկի նվազեցումը վաղուց օրակարգային հարց է եւ ոչ միայն Հայաստանում: Իսկ ռիսկն ու վտանգը առավել սուր են, եթե իրազեկված ու պատրաստված չես: «Վաղ ազդարարումը աղետների ռիսկի նվազեցման լավագույն գործիքներից մեկն է, հատկապես Հայաստանում, քանի որ մենք սեյսմիկ վտանգավոր գոտում ենք: Շատ կարեւոր է ԱՌՆ հանրային իրազեկման ու բնակչության ուսուցման խնդիրը: Որքան դիմակայուն է համայնքը, այնքան նվազում է խոցելիությունը», – վստահ է Ռադիկ Մխիթարյանը: Վարժանքն էլ տեսական գիտելիքները գործնական վարժությամբ ամրապնդելու հարցն է լուծում:

Մեր զրուցակիցը կարեւորում է լրատվամիջոցների դերը՝ հանրային իրազեկումը կարող է կյանքեր փրկել: Ու հենց այս նպատակով է, որ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, ՃԿՊԱ մասնագետների ակտիվ մասնակցությամբ Հայաստանի սահմանամերձ 24 գյուղում ստեղծվել են ԱՌՆ անկյուններ՝ ուր ներկայացված է հարուստ նյութ՝ գրականություն, լուսանկարներ եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ