Հերթական անգամ Երեւանում է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի պետ, փ/ծ գնդապետ Վիտալի Սիմոնովը: Այցի նպատակը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համար վերապատրաստումների դասընթացներ կազմակերպելն է: ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավարության առաջարկով, Վիտալի Սիմոնովն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Արտակարգ իրավիճակներ, դասակարգում եւ հնարավոր հետեւանքները» թեմայով դասախոսություն կարդաց ՃԿՊԱ ուսանողների համար:
Ըստ բանախոսի, ակադեմիայի ուսանողները դառնալու են աղետների հետեւանքների վերացման աշխատանքները կառավարողներ եւ պետք է քաջ գիտենան արտակարգ իրավիճակների առանձնահատկությունները, հնարավոր զարգացումները: Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարում ու այդ տեխնոլոգիաները օգնում են մեկ վայրկանում աշխարհի մի ծայրից մյուսը «հասնել»: Բայց իրական կյանքը հողի վրա է ու ինչքան այդ հողին՝ բնությանը նեղություն տաս, այնքան նա կպատասխանի՝ երաշտի, հորդ անձրեւի, սողանքի ու նման այլ ձեւերով: Ճգնաժամին հակազդելու պատասխանատուն պետք է իմանա, որ արտակարգ իրավիճակում խախտվում է կյանքի բնականոն ընթացքը, բայց զարգացումները, այդ թվում՝ բացասական, չեն դադարում, շարունակվում են, երկրորդային աղետների հավանականություն կա՝ սողանքին կարող է փլուզում հաջորդել, երկրաշարժից հետո՝ մեծամասշտաբ հրդեհ եւ այլն:
ՃԿՊԱ գիտատեխնիկական եւ զարգացման գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանի խոսքով, չի բացառվում, որ նման դասախոսություններ էլի կազմակերպվեն:
2019 թվականի դեկտեմբերին Երեւանում համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան»: Համաձայնագրով սահմանված է համագործակցության երեք նպատակ. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում ջանքերի մեկտեղում, կրթական եւ գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացում, արտակարգ իրավիճակների արձագանքման պետական լիազոր մարմինների աշխատանքներում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրում: Վիտալի Սիմոնովի խոսքով, այս համագործակցության շրջանակներում կլինեն փոխշահավետ ծրագրեր:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ