Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի» համագործակցության շրջանակում սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան ընդառաջ, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի 18 ուսանող, ի թիվս այլ արշավականների, բարձրացել են Արայի լեռ։ Ակադեմիայի կողմից խմբի համակարգողն էր ՃԿՊԱ  մեթոդիստ Տաթեւիկ Հովակիմյանը։

18-ամյա Զարուհի Հովհաննիսյանը կենտրոնին անդամակցում է արդեն երկու տարի։ Երկար տարիներ Ռուսաստանում է ապրել, եւ Հայաստանն իսկական բացահայտում է համարում։ Զարուհու խոսքով՝ արշավորդներից ոչ բոլորը հասան գագաթ, քանի որ լեռը բավական քարքարոտ էր ու զառիթափ։ Քայլել են գրեթե 3 կմ։ Թեպետ եղանակն արեւոտ էր, սակայն բոլորը պատրաստված էին․ ունեին համապատասխան պահուստային հագուստ եւ այլ անհրաժեշտ պարագաներ։ «Բարձրանալիս օգնում էինք իրար։ Սա շատ կարեւոր է, քանի որ մեր մասնագիտության հիմքերից մեկն է դիմացինին օգնելը։ Վերեւից տեսանք Արագածը, Արարատը, Արարատյան դաշտը, Գառնու խզվածքը։ Խզվածքի մասին գիտեինք «Արտակարգ իրավիճակների հիմունքներ» առարկայից, բայց աչքով տեսածն ավելի հետաքրքիր էր»,- նշում է Զարուհին։

17-ամյա Էլեն Տիգրանյանի համար սա նույնպես լեռնագնացության առաջին փորձն էր։ Ասում է՝ վերելքը դժվար էր պատկերացնում, սակայն ամեն ինչ բարեհաջող ու հեշտ անցավ։ Կոփվելուն օգնել են ճամբարները։ Ճամբարից կարեւոր դասեր են քաղել, որոնք վերելքի ժամանակ պետք եկան՝ ջուրը խնայելն ու քաղցրավենիքը չչարաշահելը։

Խումբը հանդիպել էր օձերի, սակայն խուճապի չէր մատնվել եւ շարունակել էր ճանապարհը։ Էլենի խոսքով՝ վայրի բնության մեջ, լեռներում ամեն ինչ սովորական է դառնում։ Սակայն անհրաժեշտության դեպքում արձագանքել կարող են, արդեն առաջին օգնության բավական գիտելիք ու հմտություն ունեն։ «Կարծում էի, թե լեռներն ինձ համար չեն, բայց հետո հասկացա, որ այս ամենը շարունակական է լինելու։ Երբ գագաթին ես, հպարտության եւ սեփականատիրության զգացում ես ունենում։ Անկրկնելի զգացողություններ են»,- ամփոփում է Էլենը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Տաթեւ Հովակիմյանը