Սեպտեմբերի 16-ը Օզոնի շերտի պահպանության միջազգային օրն է: Այդ առիթով արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները՝ ակադեմիայի գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, էկոլոգիայի եւ բնապահպանության դասախոս Սաթենիկ Բակունցի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Սիլվա Այվազյանի ուղեկցությամբ այցելեցին Ամբերդի օդերեւութաբանական կայան: Ուսանողները ծանոթացան օզոնային վահանի առկա սպառնալիքներին, լսեցին զեկույց օզոնի շերտի պահպանության անհրաժեշտության, ուլտրամանուշակագույն ճառագայթների՝ մոլորակի կենդանի օրգանիզմերի վրա ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական դերի մասին: Կայանի մասնագետներն ուսանողներին ծանոթացրեցին օզոնի խտությունը չափող սարքին՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ուսանողին կատարել չափում: Այս սարքն Անդրկովկասում միակն է:

Ուսանողները եղան նաեւ օդերեւութաբանական փորձահրապարակում, որտեղ տեղադրված են եղանակային պայմանների տարբեր գործոններ (առավելագույն եւ նվազագույն օդի ջերմաստիճաններ, հողի ջերմաստիճան, մթնոլորտային խոնավություն, քամու արագություն եւ ուղղություն եւ այլն) արձանագրող սարքավորումներ, որոնց միջոցով օրական մի քանի անգամ տվյալներ են գրացվում եւ փոխանցվում կենտրոնական գրասենյակ:

Այցի պատմամշակութային հատվածում ուսանողներն այցելեցին Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք-ամրոց, ծանոթացան դրա պատմությանը: Հուշարձանը բաղկացած է եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից Վահրամաշեն կամ Սուրբ Աստվածածին եկեղեցուց եւ այլն: Ամբերդը կառուցել են Կամսարական իշխանները, հետո այն անցել է Բագրատունիներին, որոնք այն հանձնել են Պահլեւունիներին: Հետագայում սելջուկներն են գրավել բերդաքաղաքը, Զաքարե եւ Իվանե Զաքարյաններն ազատագրել են Ամբերդը: Ավելի ուշ ամրոցը գրավել ու ավերվել են մոնղոլները, իսկ 13-րդ դարում վերակառուցել են Վաչուտյանները:

ՃԿՊԱ գիտական հետազոտությունների կենտրոնի պետ Սաթենիկ Բակունցի խոսքով, ուսանողների մասնագիտական տեսական գիտելիքի ամրապնդման համար կարեւոր են ուսումնական նման այցերը մասնագիտական հաստատություններ: Գործնական պարապմունքները, հատկապես գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, կարեւոր են նյութի հիմնովին յուրացման, հիմնախնդիրների ընկալման համար: «Աշխարհի բոլոր զարգացած պետությունները որդեգրել են նման աշխատաոճը: Այն գիտական տեղեկատվության եւ ուսումնառության գործընթացն իրար կապելու լավագույն ձեւն է», — ամփոփեց Սաթենիկ Բակունցը:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները