Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» հրատարակել է եւս երկու ձեռնարկ՝ «Ջրասուզական պատրաստություն», «Քաղաքացիական պաշտպանության մարտավարություն»:

«Ջրասուզական պատրաստություն» ուսումնական ձեռնարկի հեղինակը ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար Արտակ Էլմասակյանն է: Ձեռնարկը նախատեսված է ՃԿՊԱ կրթական բոլոր մակարդակներում սովորողների, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ունկնդիրների, ջրասուզակ փրկարարների համար: Սա ջրասուզական պատրաստության վերաբերյալ առաջին հայերեն ձեռնարկն է:

Ջրում սուզվելիս մարդը հայտնվում է իր համար անսովոր միջավայրում: Սա նշանակում է, որ ջրասուզակ փրկարարը ոչ միայն պետք է ունենա անհրաժեշտ մակարդակի ֆիզիկական պատրաստություն, այլեւ պետք է իրենում զարգացնի կարգապահությունը, դիմացկունությունը, ինքնատիրապետումը, կողմնորոշման արագությունը, սառը դատողությունը, խիզախությունը՝ առաջադրանքի կատարման ընթացքում չնախատեսված իրավիճակներն ու դժվարությունները հաղթահարելու, միանձնյա որոշումներ կայացնելու եւ անհապաղ իրականացնելու համար:

Գրքում մանրամասն ներկայացված են ջրասուզակի աշխատանքի բոլոր հարթությունները՝ ջրում ձայնի տարածման եւ ընկալման առանձնահատկությունները, ջրի տակ լույսի տարածումը եւ տեսանելիությունը, ջրասուզակի լողայնությունն ու կայունությունը, ջրում մարմնի տեսակարար կշռի փոփոխությունը, խորջրյա սուզումների ֆիզիոլոգիան առանձնահատկությունները (շնչառություն, արյան շրջանառություն, նյարդային համակարգ եւ այլն), ջրասուզական հանդերձանք, անվտանգության կանոնները ջրասուզական աշխատանքներում, ջրասուզական աշխատանքների ու սուզումների բժշկական ապահովումը եւ այլն:

«Քաղաքացիական պաշտպանության մարտավարություն» ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակներն են ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գրիշա Գսպոյանը եւ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Արայիկ Գասպարյանը:

Ձեռնարկը նախատեսված է ՃԿՊԱ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, ԱԻՆ աշխատակիցների համար: Ձեռնարկը կարող է օգտակար լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ամբիոնների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետների համար:

Քաղաքացիական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ինչպես ցանկացած այլ ոլորտ, կատարելագործման կարիք ունի: Ուստի կարեւոր է քաղաքացիական պաշտպանության համակարգի համար բարձր պատրաստվածության այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք, կունենան անհրաժեշտ գիտելիք, կտիրապետեն քաղաքացիական պաշտպանության մարտավարական հնարքներին՝ տարբեր իրավիճակներում օպտիմալ որոշումների կայացման համար:

«Քաղաքացիական պաշտպանության մարտավարություն» ձեռնարկում ներկայացված են գործնական պարապմունքների թեմաներ եւ առաջադրանքներ, ուսանողների կարողունակությունների ստուգման ու գնահատման թեստեր, քննության հարցաշարեր եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ