Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակում հուլիսի 24-30-ը Լոռու մարզի Գարգառ գյուղի տարածքում անցկացվեցին հանրապետական վարժանք-մրցումներ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Մուշեղ Դանիելյանին։ Մասնակցում էին կենտրոնի տարբեր խմբակների երեխաներից հավաքված թիմերը․ ՃԿՊԱ-ն ներկայացնում էին միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները։ Խմբի ղեկավարը ՃԿՊԱ դասախոս Վահագն Հովակիմյանն էր, ակադեմիայի կողմից համակարգողը՝ Տաթեւիկ Հովակիմյանը։

Ճամբարականները քայլարշավ ունեցան դեպի Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցի, մասնակցեցին մի շարք դասընթացների՝ տեղանքում կողմնորոշում, ուսապարկի ճիշտ դասավորում, գետնանց, արհեստական ճահճի ու թեք լանջի հաղթահարում, վրանի տեղադրում եւ այլն։

Ընդհանուր հաշվով՝ հաղթող ճանաչվեց ՄՀԿ Ստեփանավանի հավաքական թիմը, այդ թվում` ՃԿՊԱ ուսանողները:

Տաթեւիկ Հովակիմյանի խոսքով՝ ակադեմիայի ուսանողական խումբը բավական կայացած էր․ վառ ապացույցն այն էր, որ երեխաները մրցման ժամանակ մենակ չթողեցին հուզված եւ լարված իրենց ընկերոջը։ Բոլորը միասին հասան վերջնագծին։

Փոխօգնության եւ միմյանց քաջալերելու միտումը նկատվել է ամբողջ մրցաշարի ընթացքում։ Կամային հատկանիշներով հատկապես աչքի ընկան աղջիկները։

Քայլարշավի ժամանակ ճամբարականները սովորել են մի գծով քայլել, ծառերից միրգ «գողանալ»՝ժպիտով վերհիշում է Տաթեւիկը։ Նույնիսկ առատ տեղումները չեն խանգարել լավ ժամանակ անցկացնելուն։ «Սնունդն իրենց ձեռքով էին սարքում՝ մեր ուղղորդմամբ։ Հետաքրքիր ավանդույթ դարձավ դաշտային տորթ պատրաստելը։ Երեկոյան բոլորը հավաքվում էին խարույկի շուրջ ու երգում։ Այս ամենի նպատակը մեկն էր՝ սովորել ապրել բնության հետ ու բնության օրենքներով»,- նշում է համակարգողը։

ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի հաղորդմամբ՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի եւ ՃԿՊԱ Ստեփանավանի մասնաճյուղի համատեղ աշխատանքը գրեթե 15 տարվա պատմություն ունի։ Այս տարի փոխվել էր մրցավարության ու գնահատման ձեւը։ Չնայած դրան՝ մեր ուսանողները հմտորեն հաղթահարել էին բոլոր առաջադրանքները եւ աչքի ընկել հատկապես ստուգողական արշավի ու գետնանցի ժամանակ։

«Շատերն առաջին անգամ էին դաշտ դուրս գալիս, քանի որ կորոնավիրուսի պատճառով նախորդ տարի միջոցառումները չեղարկվեցին։Այս մրցումները, կարծես, միայն մրցավարների համար էին։ Երեխաներն իրար հետ ընկերացան․ դժվարություններից ոչ ոք չէր տրտնջում, նույնիսկ անձրեւի տակ խաղում էին ու պարում։ Կարեւորը՝ ոչ ոք չհիվանդացավ»,- ամփոփում է Արմեն Առաքելյանը։

Նոր խմբակները կձեւավորվեն սեպտեմբերից։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են խմբի ղեկավարները