Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի հերթական՝ 18-րդ համարը: Հանդեսը հրատարակում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ 2010 թվականից: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաները» համապատասխանում է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջներին:
Ինչպես եւ նախորդ համարները, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսի 18-րդ համար էլ երեք բաժին ունի. «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրներ»:
Համարում ներկայացված է ավելի քան 50 հեղինակի 33 հոդված: Հանդեսում հրապարակվում են ոչ միայն ՃԿՊԱ, այլ նաեւ՝ այլ բուհերի մասնագետների հոդվածներ: 18-րդ համարում տեղ են գտել հետեւյալ հոդվածները. «Որոնողափրկարարական աշխատանքներում օպերատիվ կառավարման ապահովումը ժամանակակից նորարարական միջոցների կիրառմամբ», «Պոչամբարներ, բացասական ազդեցություններ, բնակչության իրազեկում», «Դպրոցականների անվտանգության մշակույթի ձեւավորվածության մանկավարժական ախտորոշումը», «Աղետների հետեւանքների հաղթահարման փորձը Ճապոնիայում», «Ձնահյուսքերում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները», «Երկրաֆիզիկական մեթոդների օգտագործմամբ գրունտային պատվարների վիճակը գնահատելու եւ անվտանգությունն ապահովելու խնդիրները», «Արցախյան երկրորդ պատերազմը, որպես Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություն», «Քննադատական ուսուցման ռազմավարությունները բարձրագույն կրթության ոլորտում», «Արտակարգ իրավիճակներում հրդեհների կանխարգելման հնարավոր հետեւանքների վերացման ու բնակչության վարվելակերպին ուղղված որոշ հարցեր», «Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի զարգացման մանկավարժական տեխնոլոգիաների արդյունավետության հետազոտություն» եւ այլն:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ
Հ.Գ. «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ հանդեսի 18-րդ համարի էլեկտրոնային տարբերակն՝ այստեղ