Այսօր՝ հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ ակադեմիայում ստեղծվող IT համալիրում արձանագրված զարգացումներին ծանոթանալու նպատակով:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ շեշտը դրված է որոնողափրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքերի կիրառման վրա ու IT լաբորատորիան չի սահմանափակվելու մեկ ուղղությամբ: Կլինեն ինչպես պատրաստի դետալներով ԱԹՍ-ների հավաքում եւ ծրագրավորում, այնպես էլ դետալների նախագծում-մշակում-պատրաստում-ԱԹՍ հավաքում եւ ծրագրավորում: Կմշակվեն տարբեր նշանակության ԱԹՍ-ներ՝ հետախուզական, հանրային իրազեկման, տուժածին օգնության փաթեթ հասցնող եւ այլն: Խնդիր է դրված մշակել ծրագիր, որի օգնությամբ ԱԹՍ-ն, ըստ ջրում գտնվողի շարժումների, կհասկանա, մարդը պարզապես լողում է, թե խեղդվում եւ օգնության կշտապի: Խեղդվողի շարժումները ասիմետրիկ են, անկանոն եւ աննորմալ: Սխալները բացառելու համար, ԱԹՍ-ն նախ կկապնվի օպերատորի հետ եւ իրական ժամանակում տեսանյութ կհաղորդի: Ըստ այդ տեսանյութի էլ փրկարարները որոշում կկայացնեն:

Հիմա ակադեմիայում մշակվում են ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում որոնողափրկարարական աշխատանքներում ռոբոտատեխնիկայի կիրառմանն առնչվող երկու նոր մասնագիտության չափորոշիչները: Ամենայն հավանականությամբ, 2022-2023 ուսումնական տարվանից մասնագիտությունը կներդրվի, դասերը կանցկացվեն ՃԿՊԱ IT լաբորատորիայում: Հետո նույն մասնագիտությունը կներդրվի նաեւ ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրում:

Ակադեմիայի IT լաբորատորիայի նոր ձեռքբերումներից է գերճշգրիտ քարտեզագրման սարքը՝ տուժածի կոորդինատները որոշում է առավելագույնը 2 միլիմետր սխալով:

Հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնող ԱԹՍ-ն հաջողությամբ փորձարկվել է անցած ամիս Սեւանա լճում անցկացված վարժանքի ժամանակ եւ Լոռու մարզի անտառամերձ հանգստյան գոտիներում: ՃԿՊԱ մասնագետների հավաստմամբ, մարդիկ նախ զարմացել են օդից հնչող ազդարարումից, հետո ուշադիր լսել հրահանգները. Սեւանի դեպքում՝ ջրում անվտանգության կանոնները, Լոռու դեպքում՝ անտառում կրակ վառելու անվտանգության կանոնները:

ԱԻՆ ղեկավարությունը մտադիր է մարզային փրկարարական վարչությունները համալրել ԱԹՍ-ներով: ՃԿՊԱ մասնագետները կարող են կազմակերպել ՄՓՎ-ների ծառայողների ուսուցումը եւ հենց տեղերում գործնական պարապմունքները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ