Հունիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի հերթական նիստը:

Գիտխորհուրդը դրական եզրակացություն տվեց ՃԿՊԱ մասնագետների մշակած երկու գրքի տպագրությանը:

Առաջինը ՃԿՊԱ ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանի «Ջրասուզական պատրաստություն» ձեռնարկն է: Հեղինակը երկար տարիների ջրափրկարար է, մոտ 4000 ժամ սուզում արդյունքով, գիրքը գրելիս հիմնվել է սեփական փորձի վրա, ուսումնասիրել այլ երկրների փորձը: Գրքում թեմաները շատ են ու բազմազան՝ սկսած Արքիմեդի օրենքից, մինչեւ ջրասուզական հանդերձանք, դրա տեսակները, ճիշտ կրելու, հագնել-հանելու, պահելու ձեւերը եւ այլն:

Երկրորդը ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան Գրիշա Գսպոյանի եւ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Արայիկ Գասպարյանի «Քաղաքացիական պաշտպանության մարտավարություն» ուսումնամեթոդական ձեռնարկն է: Սա օգտակար գիրք է դասախոսների համար, ներկայացված են դասախոսություններ, սեմինարներ ու գործնական պարապմունքներ անցկացնելու արդյունավետ ձեւերը:

Գիտական խորհուրդը հաստատեց ՃԿՊԱ ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ժամանակացույցը: Փորձագետները լուրջ խնդիրներ չեն արձանագրել, առաջարկել են փոփոխել որոշ ժամկետներ: ՃԿՊԱ-ն հավատարմագրում է ստացել 4 տարով՝ մինչեւ 2024 թվականը: Թերությունների վերացման դեպքում 2024-ից հետո կարող է հավակնել 6 տարով հավատարմագրման: Հենց այս նպատակով էլ ՃԿՊԱ նյութատեխնիկական բազան եւ կրթական ծրագրերը մշտապես կատարելագործվում են: Ամենաթարմ օրինակները՝ ակադեմիայում բացվել է ռոբոտաշինական լաբորատորիա, մշակվում են չափորոշիչներ, որ եկող՝ 2022-2023 ուսումնական տարվանից, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում բացվի երկու նոր մասնագիտություն՝ «Ռոբոտտեխնիկա» եւ «Պաշտպանական կառույցներ»: «Ակադեմիայում ներդրումներն արվում են մեր պետության ամրապնդման եւ զարգացման համար», — գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ