ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանի համաձայն, ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մայիսի 5-31-ը անցկացվեցին 2020-2021 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները՝ միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերի ուսանողների համար:

Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտեց 64 շրջանավարտ՝ երեք մասնագիտության գծով. «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում»: Շրջանավարտներից 13-ին շնորհվել է գերազանցության դիպլոմ, իսկ 51-ին՝ սովորական:

Բալակավրի կրթական ծրագիրն ավարտեց 170 ուսանող (որից 102-ը սովորում էր հեռակա համակարգում), հինգ մասնագիտության գծով. «Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Քաղաքացիական պաշտպանություն)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Հրդեհային պաշտպանություն)», «Տրանսպորտային համակարգեր (Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում)»: Շրջանավարտներից 23-ին շնորհվել է գերազանցության, մյուսներին՝ սովորական դիպլոմ:

«Ստեղծված պայմանների եւ քննական հանձնաժողովների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ առավել ստույգ գնահատել թողարկվող մասնագետների գիտելիքների եւ գործնական կարողությունների` կրթական վերջնարդյունքներին համապատասխանությունը: Քննության ժամանակ ուսանողների ճնշող մեծամասնությունը կարողացան պատշաճ մակարդակով ներկայացնել քննական տոմսերի հարցերը եւ ճիշտ պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին: Տեղին է փաստել, որ ակադեմիան հնարավոր ամեն ինչ արել էր որակյալ մասնագետների պատրաստման գործընթացը պետության, հասարակության, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կազմակերպելու, թողարկվող շրջանավարտներին անհրաժեշտ գիտելիքներով, աշխատանքային կարողություններով զինելու ուղղությամբ, որոնք համահունչ են ԱԻՆ համակարգում գործող ստորաբա­ժանումների պահանջներին, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի դժվարին ու պատասխանատու առաքելությանը», — քննության արդյունքներն ամփոփելով ասաց ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը:

Շրջանավարտների կեսից ավելին ցանկություն է հայտնել շարունակել ուսումը ՃԿՊԱ ավելի բարձր կրթական ծրագրերում: «ՃԿՊԱ շրջանավարտի դիպլոմը սկիզբ կդառնա մի նոր հաղթական ճանապարհի, վստահ եմ, որ մեր շրջանավարտները ակադեմիայում ստացած գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն ապահով եւ անվտանգ պետություն ունենալուն, անվտանգության մշակույթ եւ աղետակայուն հասարակություն ձեւավորելուն: Բարի երթ, շրջանավարտ, հաջողությունը քեզ միշտ ուղեկից», — ամփոփեց ՃԿՊԱ պրոռեկտորը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ