2019 թվականի դեկտեմբերին Երեւանում կնքված համագործակցության համաձայնագրով,  Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան» պարտավորվեցին մեկտեղել ջանքերը քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում:

Այս համագործակցության շրջանակում, 2020 թվականի ապրիլ-նոյեմբեր հատվածում, անցկացվեց վերապատրաստման 464-ժամանոց առաջին դասընթացը ՃԿՊԱ դասախոսների համար՝ «Գիտամանկավարժական կադրերի վերապատրաստում քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներից պաշտպանության ոլորտներում»:

2021 թվականի, փետրվար-հունիս հատվածում անցկացվում է վերապատրաստման 464-ժամանոց երկրորդ ծրագիրը ՃԿՊԱ եւս 5 մասնագետի համար՝ փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր Արմեն Ներսեսյան, ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Արայիկ Գասպարյան, Հասմիկ Հարությունյան, քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսներ Անի Տերտերյան, Վլադիմիր Ղազարյան:

Մայիսի 31-հունիսի 4 հատվածում անցկացվում է վերապատրաստման 464-ժամյա դասընթացի վերջին՝ 36 ժամանոց դասախոսությունը, որը վարում են Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության զարգացման ինստիտուտի տնօրեն, փ/ծ գնդապետ Վիտալի Սիմոնովն ու ավագ դասախոս, պահեստի գնդապետ Ալեքսեյ Սկրիննիկովը:

464-ժամյա վերապատրաստման ընթացքում քննարկվել են հետեւյալ թեմաները. քաղաքացիական պաշտպանությունը արդի փուլում, աղետների ռիսկի նվազեցման ժամանակակից սկզբունքներ, աղետների կանխարգելման, հետեւանքների վերացման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարում, տարհանման կազմակերպում եւ անցկացում, շինությունների պաշտպանություն, բուժապահովման կազմակերպում, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքում, կառավարման կետի օպերատիվ հերթափոխի աշխատանք, հանրային իրազեկում, վթարավերականգնողական եւ անհետաձգելի այլ աշխատանքների հոգեբանական բաղադրիչը եւ այլն:

Վերապատրաստման դասընթացի ավարտական վկայականները կհանձնվեն ավելի ուշ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ