ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մանկապատանեկան հանրապետական կենտրոնի համագործակցության շրջանակում, հունիսի 2-ին, 8-ին, 10-ին, կենտրոնում կկազմակերպվեն առաջին օգնության դասընթացներ կենտրոնի սաների համար: Կենտրոնն ունի հազարավոր սաներ, որոնց մեջ քիչ չեն նաեւ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողները: Առաջին օգնության, պարանային անցումների, կենցաղավարության եւ նման դասընթացներ կազմակերպվում են ամեն տարի, կորոնավիրուսի համաճարակի պատճառով դրանք հետաձգվել էին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանի խոսքով, երեք օրում դասընթացին կմասնակցի 13-17 տարեկան 180 սան:

ՃԿՊԱ մասնագետները վստահ են, որ դպրոցահասակ երեխաներն այս դասընթացներից ոչ միայն կոնկրետ ոլորտի գործնական գիտելիքն ու հմտությունն են ստանում, այլ սովորում-ընկալում փոխօգնության, ընկերասիրության, բնության հետ հաշտ ու համերաշխ ապրելու կարեւորությունը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ