Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնի 911 թատերախումբը փոքրիկներին ներկայացրեց «Աղետիկը» բեմադրությունը: Ներկաները ծանոթացան երկրաշարժի, հրդեհի դեպքում եւ այլ արտակարգ իրավիճակներում անվտանգության կանոններին:

Աղետիկի դերակատար 13-ամյա Ալեքս Հակոբյանը նշեց, որ «Աղետիկը» դիտել են իր բոլոր դասընկերներն ու մտերիմները: Եթե անվտանգության հետ կապված հարցեր են լինում, առաջինն իրեն են դիմում:

ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանի խոսքով` թատերախմբի կազմը համալրվել է տարբեր տարիքային խմբի երեխաներով: Արցախից տարհանված եւ Երեւանում հանգրվանած 5 երեխա հաճախում են պարի խմբակ: Արցախցի երեխաների համար կազմակերպվող պարի, նկարչության եւ կավագործության միջոցառումները պարբերական բնույթ են կրում:
«Նոր մյուզիքլ ենք պատրաստում`«Երեք խոզուկները», որը կրկին արտակարգ իրավիճակների թեմայով է: Շարունակելու ենք մեր այցերը մանկատներ, դպրոցներ եւ մանկապարտեզներ: «Աղետիկը» կմնա մեր հիմնական խաղացանկում. փորձը ցույց է տվել, որ խաղային ուսուցումը, ներկայացման ավարտին հարց-պատասխանի միջոցով քննարկումները բավական արդյունավետ են», — ասաց տնօրենը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը: «Աղետիկի» բեմելը կայացել է 2016 թվականի մարտին՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաների մատուցմամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցում: Դրանից հետո բեմադրությունը խաղացել են թե ՃԿՊԱ ուսանողները, թե մշակույթի կենտրոնի սաները: Անցած տարիներին «Աղետիկը» ներկայացվել է տարբեր հաստատություններում եւ տարբեր միջոցառումների ժամանակ. դպրոցներ, երեխաների զարգացման կենտրոններ, մանկատներ, մանկապարտեզներ, կրթությանը եւ կրթական տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսներում եւ այլն: