ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութան «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավարության նախաձեռնությամբ՝ մայիսի 19-ին Ստեփանավանի «Լոռէ» ակտիվ հանգստի գոտում անցկացվեցին ժայռամագցման եւ վոլեյբոլի մրցումներ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների միջեւ։

Վոլեյբոլում հաղթող ճանաչվեց երկրորդ կուրսը, իսկ երրորդ եւ առաջին կուրսերը համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ եւ 3-րդ տեղերը։

Ժայռամագլցման մրցմանն ամեն կուրսից ընդգրկված էր երկուական աղջիկ եւ տղա, անհատական արդյունքների հիման վրա հաղթողի գավաթը շնորհվեց երկրորդ կուրսին։

ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը մանրամասնեց, որ ժայռամագլցման երթուղին բավական բարդացրել էին, փոխել քարերի դասավորությունը, սակայն դա չխանգարեց մագլցողներին հրաշալի արդյունք ցույց տալ։ Հատկապես զարմացրին աղջիկները։ Մարզիկների մեջ կան փորձառու լեռնագնացներ եւ մագլցողներ, որոնք ուսանում են պատանի տուրիստների խմբակներում, մասնակցում արշավների, սովորում փրկարարական հմտություններ։

Առաջատարներից 17-ամյա Լիլիթ Մուրադյանը երկրորդ կուրսի ուսանողուհի է, ապագա հրշեջ-փրկարար։ Ասում է՝ շատ է սիրում սպորտը, իսկ ժայռամագլցման շնորհիվ սովորել է ճիշտ կողմնորոշվել, ցանկացած իրավիճակում զգույշ գործել, ինքդ քեզ չվնասել։ Ակտիվ մասնակցում է լեռնային արշավների, վրանային ճամբարների։ Հարցին՝ ինչու է փրկարարությունն ընտրել, աղջիկը հստակ պատախան ունի․ «Ինձ ուժեղ մարդ եմ համարում, կարծում եմ ՝ կարող եմ իմ հնարավորությունների չափով օգնել մարդկանց։ Փոքր տարիքում, երբ ընկերներով ժայռ էին բարձրացել, ընկերուհիս սայթաքեց եւ ընկավ, ես նրան առաջին օգնություն ցուցաբերեցի։ Այս դեպքը որոշիչ եղավ մասնագիտական ընտրության հարցում»։

Լիլիթի խոսքով՝ ցանկացած մարդ կերազի Ստեփանավանում ապրել․ նման լեռներ ու բնություն այլ տեղ չկան։ Եթե բնական միջավայրում նաեւ հանգստի ու սպորտի հնարավորություններ ստեղծվեն, քաղաքը կծաղկի։

Մրցումների կազմակերպչական հարցերով զբաղվել է ֆիզիկական դաստիարակության դասախոս Սաթենիկ Ղեւոնդյանը։ Մրցաշարը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողներ Գեւորգ Մուրադյանին, Գոռ Ղարաջյանին, Ժոռա Առաքելյանին, Վանիկ Խաչատրյանին, Նարեկ Ասրյանին ու Հրաչյա Արզումանյանին։

Ավելի վաղ անցկացվել էին ֆուտբոլի մրցումներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը