Մայիսի 12-ին Ստեփանավանի նորաբաց ֆուտբոլային դաշտում կայացավ ֆուտբոլի առաջնություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի սաների միջեւ։ Միջոցառումնը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողներ Գեւորգ Մուրադյանին, Գոռ Ղարաջյանին, Ժոռա Առաքելյանին, Վանիկ Խաչատրյանին, Նարեկ Ասրյանին ու Հրաչյա Արզումանյանին։

Մասնակցում էր չորս թիմ։ Հաղթողի գավաթին ու առաջին կարգի դիպլոմին արժանացան երրորդկուրսեցիները, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին առաջին ու երկրորդ կուրսը։ Սահմանվել էր երեք անվանակարգ՝ լավագույն խաղացող, լավագույն ռմբարկու եւ լավագույն դարպասապահ։ Հաղթող ճանաչվեցին Արծրուն Ադամյանը, Էմիլ Մկրտչյանն ու էդգար Մագթաղյանը։

Բոլոր մրցանակակիրները ստացան նաեւ «Լոռէ» էսքտրիմ պարկի անվճար քարտ։

ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ ֆուտբոլի դաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերն է քաղաքին, եւ ՃԿՊԱ ուսանողներն այն «փորձարկում էին» առաջին անգամ։ Նախքան առաջնության սկսվելը միասնական ուժերով տարածքի աղբը հավաքվել է եւ տեղափոխվել կոմունալ ծառայության մեքենայով:

«Առաջնությունից հետո ուսանողների եւ դասախոսների ընկերական խաղ նախաձեռնեցինք։ Շատ լավ երեխաներ ունենք, միաժամանակ՝ եթե նախկինում փողոցներում ու բակերում անընդհատ հերթ էր գոյանում՝ որեւէ թիմում ընդգրկվելու համար, ապա այսօր քչերի կարելի է դրսում հանդիպել։ Մեր քաղաքը հրաշալի մարզիչներ ունի, այժմ նաեւ՝ ֆուտբոլի մինի դաշտ։ Հույս ունենք, որ այս առաջնությունը եւս կխթանի բակային ֆուտբոլի զարգացումը»,- նշում է Արմեն Առաքելյանը։

Առաջիկայում կանցկացվեն վոլեյբոլի եւ ժայռամագլցման մրցումներ։ Մանրամասներին կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը