Սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Լեռնափրկարարական պատրաստություն» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը անցկացրեցին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը եւ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը:

Գործնական պարապմունքի համար ուսումնական ծրագրի համաձայն ընտրվել էին հետեւյալ գործողությունները՝ խոտածածկ թեք լանջերով տեղաշարժի իրականացում, թեք լանջից տուժածի պատգարակում եւ տեղափոխում, տեղաշարժի իրականացում քարաթափված լանջերով եւ գետի անցում ծանծաղուտով: Ուսանողները հնարավորություն ունեցան կիրառել ալպինիստական գույք եւ պարաններ՝ անվտանգության ապահովման եւ անհրաժեշտ հմտությունների ձեռք բերման նպատակով: Դասախոսները ներկայացրեցին տեղանքին բնորոշ վտանգները եւ անվտանգության ապահովման կանոնները եւ պահանջները: Դասախոսների կարծիքով, գործնական պարապմունքներն ավելի հետաքրքիր են դարձնում ուսումնական գործընթացը՝ միաժամանակ նպաստելով նախապես ներկայացված տեսական թեմաների ամրապնդմանն ու դրանք գործնականում կիրառելու հմտությունների ձեւավորմանը:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները