ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության եւ Եվրոպական հանձնաժողովի «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու, Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Ջոն Անդերսենի պայմանավորվածության համաձայն,  այսօր ՃԿՊԱ-ում անցկացվեց Ջոն Անդերսենի երկրորդ դասախոսությունը՝ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ուսանողների համար: Բանախոսը ներկայացրեց Եվրամիության բնակչության պաշտպանության մեխամիզմի (European Union Civil Protection Mechanism՝ EUCPM) մանրամասները: Առաջին դասախոսությունն անցկացվել էր մարտի երեքին, թեման էր՝ ԱՌԿ շվեդական փորձը:

 Եվրամիության բնակչության պաշտպանության մեխամիզմը ձեւավորվել է 2001 թվականին, այս պահին համախմբում է 33 երկիր՝ Եվրամիության անդամները (27 երկիր) եւ եւս վեց երկիր, որ Եվրամիության անդամ չեն՝ Նորվեգիա, Իսլանդիա, Սերբիա, Հյուսիսային մակեդոնիա, Մոնտենեգրո, Թուրքիա:

Ինչպես եւ աղետների ռիսկի նվազեցման-կառավարման հարցերով զբաղվող այլ կառույցներ, Եվրամիության բնակչության պաշտպանության մեխամիզմն էլ աշխատում է երեք հիմնական հարթությունում՝ կանխարգելում պատրաստվածություն, արձագանքում: Եվրոպական միության կազմում միավորված երկրները խիստ տարբեր են իրենց աշխարհագրական դիրքով, կլիմայական պայմաններով, ռիսկերով, ուստի Եվրամիության բնակչության պաշտպանության մեխամիզմի տրամաբանության մեջ բաժանումներ են արված: Օրինակ հյուսիսային երկրներում՝ Շվեդիա, Նորվեգիա, անտառային հրդեհները հազվադեպ են, կարիք չկա այդ երկրներում անտառային հրդեհների դեմ պայքարի շատ միջոցներ, ռեսուրսներ կուտակել: Դա պետք է անել հարավի երկրների համար: Նույնը ցանկացած այլ ռիսկի դեպքում՝ սողանք, ջրհեղեղ եւ այլն: Օգնության խնդրանքով EUCPM-ին դիմում են նաեւ ոչ եվրոպական երկրները, ողջ աշխարհ է դիմում ու օգնությունը չի ուշանում: EUCPM աշխատանքային կարգերի համաձայն, օգնության խնդրանքով դիմած ցանկացած երկիր ամենաուշը մեկ ժամ անց պիտի հստակ պատասխան ստանա՝ EUCPM խողովակներով ինչ օգնություն է հատկացվում՝ մարդկային ուժ, տեխնիկական միջոցներ եւ այլն:

Մարդասիրական առաքելությունների մասնակցող EUCPM թիմերը մասնագիտացումներ ունեն՝ խմելու ջուրը մաքրող, հրդեհների դեմ պայքարող, բժիշկներ, տարհանող ջոկատներ, դաշտային խոհանոց ծավալողներ եւ այլն: Մասնագիտական որակների բարձրացման եւ մշտական կատալերագործման նպատակով EUCPM-ի շրջանակներում տարեկան 5-6 միջազգային վարժանք է անցկացվում՝ բարդ սցենարով: Օրինակ՝ ջրհեղեղից տուժել են տասնյակ բնակավայրեր, խմելու ջրի խնդիր կա, պետք է անհապաղ տարհանել հազարավոր մարդկանց, բուժհիմնարկները մեծապես տուժել են եւ չեն աշխատում, էլեկտրականություն չկա:

Հիմնադրման օրվանից՝ 2001 թվականից, մեխանիզմը ավելի քան 420 մարդասիրական առաքելություն է իրականացրել ողջ աշխարհում, իսկ վերջին 6 տարում՝ մոտ 400 միլիոն եվրոյի մարդասիրական ծրագիր, որից 150 միլիոնը՝ Եվրամիության սահմաններից դուրս:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ