Ռուսաստանի Կոմի հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ ապրիլին Կոմիի մայրաքաղաք Սիկտիվկարում անցկացվել է բռնցքամարտի միջազգային մրցաշար տեղի եւ հայ մարզիկների միջեւ։ Հայաստանը ներկայացրել է 5 մարզիկ, բոլորը մենամարտն ավարտել են հաղթանակով, նրանց թվում ՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» բաժնի ուսանող Սերյոժա Հարությունյանը, որը հանդես է եկել 69 կգ քաշային կարգում։

Մրցույթի կազմակերպման եւ իր հայրենակիցների կացության հարցերը հոգացել էր Ալիկ անունով մի հայ բարերար, որը պարբերաբար մարզական գույք է ուղարկում Հայաստան։ Սերյոժայի խոսքով՝ Կոմիի հայերը շատ միասնական են, սրտաբաց դիմավորել եւ ճանապարհել են իրենց, իսկ մրցաշարի օրը միահամուռ եկել էին մարզադաշտ՝ երկրպագելու։

ՃԿՊԱ ուսանողն արդեն հարազատ Ստեփանավան է վերադարձել եւ անցել մարզումների։ Համայնքապետարանի հետ պայմանավորվածությամբ՝ մարզադահլիճ ունեցող չշահագործվող կենտրոններից մեկը կտրամադրվի ստեփանավանցի մարզիկներին։ Դահլիճի վերանորոգման եւ կահավորման հարցը, սակայն, դեռ լուծված չէ։

«Տուրիզմը, որի զարգացմամբ զբաղված են կոնկրետ մարդիկ, Ստեփանավանը քիչ թե շատ ճանաչելի դարձրեց։ Բայց մեր քաղաքը նաեւ սպորտային մեծ հեռանկար կարող է ունենալ»,- ամփոփում է մարզիկը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սերյոժա Հարությունյանը