76 տարեկանում ավարտվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախկին դասախոս Ռաֆիկ Ղուկասյանի երկրային կյանքը:

1963 թվականին ավարտելով Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումը Ռաֆիկ Ղուկասյանը հասցրել է մոտ մեկ տարի աշխատել հիդրոէլեկտրակայանի շինարարությունում ու 1964-ին զորակոչվել է բանակ: 1967-ին՝ բանակից զորակոչվելուց հետո, սովորել է զինղեկների պատրաստման կուրսերում, աշխատել զինղեկ, իսկ 1969 թվականին երկրորդ անգամ բանակ զորակոչվելուց հետո տարբեր սպայական պաշտոններ զբաղեցրել Խորհրդային միության զինված ուժերում՝ մոտոհրաձգային դիվիզիայի ավագ հրահանգիչ, կապի դիվիզիայի քաղբաժնի սպա, Սովետական Հայաստանի քաղաքացիական պաշտպանության շտաբի բաժնի պետ եւ այլն: Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչության (հետագայում՝ նախարարության) ձեւավորումից հետո աշխատել է ԱԻՆ համակարգում, 2005 թվականին ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնից, գնդապետի կոչումով զորացրվել եւ դասախոսական աշխատանքի անցել ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: 10 ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակազմը ցավակցում է Ռաֆիկ Ղուկասյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին:

Լույս իջնի հոգուդ, հանգչիր խաղաղությամբ: