Այս տարեսկզբին սկսվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցությունը:

Հենց այդ համագործակցության տրամաբանության մեջ ՃԿՊԱ ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս, Բրյուսովի անվան պետական համալսարանի հայցորդ Ռուզաննա Ղարիբյանն անցած շաբաթ մասնակցեց ռազմական համալսարանում անցկացվող «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հարցերը» թեմայով 17-րդ գիտական կոնֆերանսին: Ռուզաննա Ղարիբյանի զեկույցի թեման էր. «Դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորումը որպես պետության անվտանգության հիմնաքար. անձակողմնորոշիչ մանկավարժական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացներում»: Մեզ հետ զրույցում, ՃԿՊԱ դասախոսն ասաց, որ կարեւորում է ոչ միայն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ համագործակցությունը, այլ նաեւ մասնակցությունը նման գիտաժողովներին, քանի որ նման հարթակներում են ձեւավորվում առաջադեմ գաղափարները եւ զարգանում համագործակցության նոր ուղղություններն ու ոլորտները:

— Ինչի՞ մասին էր Ձեր զեկույցը:

 Զեկուցման մեջ տեղ են գտել արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորման կարեւորագույն խնդիրները, կարեւորվել է նաեւ անձնակողմնորոշիչ մանկավարժական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում: Կրթությունը եղել ու մնում է հասարակության գերակա սոցիալական ուղղություն եւ սոցիալական պահանջ, որի նպատակն, ըստ էության, հաստատուն է. պատրաստել տվյալ ժամանակաշրջանին համապա­տասխան ձեւավորված ու զարգացած սերունդ, որն ի զորու կլինի դիմագրավել ցանկացած մարտահրավերի, վտանգի, ակտիվորեն կյուրացնի անցյալի փորձն ու գիտելիքները, կկարողանա ստեղծել նորն ու ավելի անվտանգը։

Անվտանգության մշակույթի զարգաց­ման առանցքային կոմպետենցիաները պետք է դառնան առաջանցիկ ուղենիշ կրթության ոլորտում:

Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորման եւ զարգաց­ման գործընթացում անձնակողմնորոշիչ կրթության կառուցվածքը բաղկացած է հայեցակարգային հիմունքների, ուսուցման բովանդակային ու գործառույթային մասերի, դաստիարակության նպատակային ուղղության, զարգացման նախագծված դրական մակարդակի, ծրագրային-մեթոդական ապահովման բաղադրիչներից:

Արտակարգ իրավիճակներում դպրոցականի անվտանգության մշակույթի զարգացման գործընթացում գերակայում է մարդասիրական մոտեցումը: Անձակողմնորոշիչ մանկավար­ժական տեխնոլոգիայի կենտրոնում սովորողի անձն է, որը ձգտում է առավելագույնի հասցնել իր հնարավորությունների իրացումը հենց իր բնածին ունակությունների սահմաններում, բաց է նոր փորձի ընկալման նկատմամբ, ունակ է կայացնել գիտակցված եւ պատասխանատու որոշում տարբեր իրավիճակներում:

Իմ կարծիքով, վերոգրյալի վերաբերյալ խորացված գիտելիք հաղո­րդելը բացառիկ անհրաժեշտությունն է, որը հնարավոր է ապահովել դպրոցում համապատասխան առանձին դասընթաց ներդնելու միջոցով:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ