Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի նիստը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ:

2021 թվականի մայիսի 5-31-ը կանցկացվի ՃԿՊԱ 2020-2021 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորումը: Ստեղծվել են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը, առարկայական հանձնաժողովները, կազմված են քննական գրաֆիկները, հարցաշարերը, խորհրդատվությունների գրաֆիկները: Ամփոփիչ ատեստավորման քննություններին կմասնակցեն բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրի 235 ուսանող՝ բակալավրի կրթական ծրագրի առկա՝ 69, հեռակա՝ 102, միջին մասնագիտական կրթական ծրագրի՝ 64 ուսանող:

ՃԿՊԱ գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի հերթական՝ 18-րդ համարը, որում ընդգրկված է 41 հեղինակի շուրջ 30 հոդված: Մինչ օրս «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսում հրատարակվել է ավելի քան 400 հոդված, որի 70 տոկոսը՝ ակադեմիայի մասնագետների հեղինակած: Հանդեսը հրատարակվում է 2010 թվականից: Խմբագրա­կան խոր­հրդի անդամ են գիտական ճանաչում եւ վաստակ ունեցող 22 գիտ­նա­կան, որից 3-ը՝ օտարերկրյա, այդ թվում 15-ը գիտությունների դոկտոր: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսը ներառված է «Ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների» ցուցակում:

Գիտխորհրդի որոշմամբ լրամշակվեցին բուհի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մշակված մի շարք կարգեր եւ կանոնակարգեր:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհուրդը հաստատեց «Ճգնաժամային կառավարում» ամբիոնի հայցորդների գիտական ղեկավարներին եւ թեկնածուական ատենախոսությունների թեմաները: Հայցորդները երկուսն են՝ ՃԿՊԱ դասախոս, փ/ծ ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյան եւ Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակից Կարեն Կարապետյան:

Հաստատվեցին նաեւ մագիստրոսական թեզերի թեմաներն ու ղեկավարները՝ 39 թեմա:

ՃԿՊԱ գիտական խորհուրդը դոցենտի գիտական կոչում  շնորհեց բուհի երեք դասախոսի: