Մարտի 29-31-ը անցկացվել է ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը, որում 80 կգ քաշային կարգող հաղթող է ճանաչվել արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մանագիտության երկրորդ ուսանող Սեւակ Բաղրամյանը։ Մեկ ամիս առաջ նա նաեւ Երեւանի առաջնության գլխավոր մրցանակակիրն էր։ Իսկ 2020 թվականին էլ Բելառուսում էր հպարտությամբ կանգնել միջազգային մրցաշարի հաղթողների պատվանդանին՝ երրորդն էր։

17-ամյա պատանին պրոֆեսիոնալ սպորտով զբաղվում է 11 տարի։ Եղել են վնասվածքներ, կոտրվածքներ, նույնիսկ՝ վիրահատություն, բայց ըմբշամարտը մի բան է սովորեցրել՝ երբեք չհանձնվել։ Լինում են նաեւ պարտություններ, որոնք միայն ցույց են տալիս սխալներդ եւ մոտիվացնում հաղթանակի հասնելու համար։ Մարզիչ Գագիկ Խաչատրյանի շնորհիվ գիտի ճիշտ գնահատել իր թույլ եւ ուժեղ կողմերը։

Սեւակը խոստովանում է՝ նախորդ տարի կորոնավիրուսի համաճարակը շատ բան փոխեց․ մրցումները հետաձգվեցին, մարզասրահները փակվեցին, եւ մարզիկները սկսեցին մարզվելու այլընտրանքային տարբերակ փնտրել։ Հիմա կարծես թե կյանքը վերականգնվում է։ Ցերեկը ակադեմիայում դասերի է հաճախում, երեկոյան՝ մարզումների։ Արդեն ընդգրկվել է ազգային հավաքականում եւ հունիսին կմեկնի ընբշամարտի Եվրոպայի առաջնության։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սեւակ Բաղրամյանը