2018 թվականի սեպտեմբերից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ուսուցանվում է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր եւ հեռահար զոնդավորում» առարկան: Սա անօդաչու թռչող սարքերի օգնությամբ բազմաշերտ (GIS) քարտեզներ  կազմելու նպատակով իրականացվող ծրագիր է: Այսօր ՃԿՊԱ էր այցելել ԱԻ առաջին փոխնախարար, ակադեմիայի խորհրդի նախագահ Արմեն Փամբուխչյանը արված աշխատանքներին եւ հետագա անելիքներին ծանոթանալու նպատակով:

GIS քարտեզները կարող են օգտագործվել ինչպես օպերատիվ կառավարման աշխատանքներում (օրինակ հրդեհաշիջման շտաբում), այնպես էլ ճգնաժամային կառավարման կենտրոններում: Այս քարտեզներում երեւում են տեղանքի բոլոր շերտերը՝ բնակավայրեր, դրանց մակերեսները, բնակչության թիվը, վտանգավոր օբյեկտների տեղն ու դիրքը եւ այլն: Նոր տեղեկություն ստանալու դեպքում քարտեզներում կարելի է նոր շերտեր ավելացնել: Սրանք մեծ ճշգրտության քարտեզներ են: ՃԿՊԱ մասնագետների մշակած ծրագիրը կարող է աշխատել եւ առ-ցանց՝ online, երբ կա համացանցային կապ եւ ofline՝ երբ համացանցային կապ չկա: Իսկ աղետի ժամանակ երկրորդ տարբերակը միանգամայն հնարավոր է:

Օպերատիվ աշխատանքներում GIS քարտեզների կիրառումը թույլ կտա տեսնել հրդեհի տարածման կամ սելավի հոսքի ուղղությունը, արագ կողմնորոշվել որ ուղղությամբ ինչ ուժեր ուղարկել: Իսկ խաղաղ՝ ոչ արտակարգ պայմաններում փրկարարների համար կբացահայտի խոցելի տեղանքները, ըստ որոնց էլ կմշակվեն ռիսկերի նվազեցման, աղետների կանխարգելման միջոցառումներ:

GIS քարտեզների մշակման աշխատանքներում ներգրավված են ՃԿՊԱ այն ուսանողները, որոնք անցնում են «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր եւ հեռահար զոնդավորում» առարկան: Քարտեզագրմանը մասնակցելը նրանց համար գործնական պարապմունք է:

Արմեն Փամբուխչյանն առաջարկեց մշակվող ծրագիրը քննարկել փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ: Վերջնական տեսք ստանալուց հետո որոնողափրկարարական, աղետների ռիսկի նվազեցման աշխատանքներում GIS քարտեզներ կիրառելու ծրագիրը կներառվի աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ