ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, մշակել են ՃԿՊԱ տարբեր կրթական ծրագրերով ուսուցանվողների, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի ուսուցման կազմակերպման դասընթացների համար ուսումնական 10 ձեռնարկ. «Հակահրդեհային ինքնաշխատ եւ ռոբոտացված համակարգեր», «Հրդեհաշիջման աշխատանքներում կիրառվող տեխնիկական եւ ռոբոտատեխնիկական միջոցներ» (2 մասով), «Փրկարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման ուղեցույց» (3 մասով), «Փրկարարական աշխատանքների ինժեներական ապահովման տեխնիկական եւ ռոբոտատեխնիկական միջոցներ» (2 մասով), «Ընդհանուր ֆիզիկական պատրաստության կազմակերպում», «Փրկարարների ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության կազմակերպում»:

Ձեռնարկներում ընդգրկված են փրկարարների պատրաստության գրեթե բոլոր ոլորտները եւ ուղղությունները, ներառված են հրդեհային անվտանգության ապահովման, հակահրդեհային եւ փրկարարական պատրաստության, փրկարարների ֆիզիկական պատրաստության համար անհրաժեշտ թեմաներ: Հեղինակների խոսքով, ուսումնական ձեռնարկների մշակմանը նպաստել են միջազգային համագործակցության շրջանակներում կազմակերպված բազմաթիվ միջազգային ուսումնավարժանքների, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման տարբեր դասընթացների, սեմինարների եւ գիտաժողովների ընթացքում ձեռք բերված մասնագիտական փորձն ու գիտելիքները, փրկարարական ոլորտը ներկայացնող արտասահմանյան մասնագետների եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փորձառու փրկարարների մոտեցումներն ու տեսակետները: Այս գրքերը կարող են նպաստել փրկարարների ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Հ.Գ. Ուսումնական ձեռնարկների էլեկտրոնային տարբերակներն առկա են ՃԿՊԱ էլեկտրոնային գրադարանում: