Չերչիլն ասում էր. մանկավարժն այնպիսի իշխանություն ունի, որի մասին երկրի ղեկավարը կարող է միայն երազել: Այլ ասույթ էլ կա. լավ ուսուցիչները լավ աշակերտներ են ձեւավորվում: Այս երկուսի համադրությունից կստանանք հետեւյալ պարզ ու տրամաբանական եզրակացությունը. մանկավարժը մեծ ազդեցություն ունի սովորողների վրա եւ մանկավարժից է կախված սովորողի թե մարդկային, թե մասնագիտական որակների մակարդակը:

1992 թվականին ստեղծված «Արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտը» 2003 թվականին դարձավ բարձրագույն ուսումնական հաստատություն: Այսօր ՀՀ ԱԻՆ ՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտ 400 շրջանավարտ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, ավելի քան 90 շրջանավարտ՝ պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Բազմաթիվ շրջանավարտներ էլ քաղաքացիական պաշտպանության կամ ռիսկի կառավարման պատասխանատուներ են պետական գերատեսչություններում եւ մասնավոր ընկերություններում: ՃԿՊԱ հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության եւ ոստիկանության 100 աշխատակից եւ ծառայող:

Սա նշանակում է, որ ՃԿՊԱ-ն որակյալ մասնագետների դարբնոց է: Հիշենք, որ մանկավարժն է պատասխանատու սովորողի մարդկային եւ մասնագիտական որակների համար ու կստացվի, որ մեր դասախոսական կազմի որակը թույլ է տալիս բարձրակարգ մասնագետ ստանալ: Ո՞վքեր են մեր դասախոսները: Կանանց միամսյակի առիթով ներկայացնում ենք մեր կին դասախոսներին: Հոդվածաշարի հերթական հերոսը ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Պետրոսյանն է:

Փրկարարի համազգեստով կինը…պատիվ չեմ ունեցել կրել համազգեստ, բայց կարծում եմ առանձնահատուկ գեղեցիկ եւ վսեմ կլինեի համազգեստով։

Եթե չլինեի մանկավարժ…երբեք չէի պատկերացնի, որ կդառնամ մանկավարժ, առավել եւս՝ կկրթեմ ապագա փրկարարների, նրանց կփոխանցեմ իմ ինժեներական գիտելիքները։ Սակայն կյանքն անկանխատեսելի է եւ երբեմն զարմացնում է մեզ իր անակնկալներով։ Սիրով եմ կատարում աշխատանքս, իսկ մանկավարժ լինելը, կարծում եմ, ինձ տրված էր ի վերուստ։

Ուսանողությունն այսօր… զարգացած, նպատակասլաց, պահանջկոտ, բարեկիրթ եւ բազում ուրիշ մարդկային արժանիքներով օժտված երիտասարդներ են, որոնք հասկանում են կրթության գինը, գնահատում եւ նպատակային են օգտագործում իրենց տրված ոսկե ժամանակահատվածը։ Այսպիսի երիտասարդներն են կերտելու մեր ապագան, զարգացնելու եւ ամրապնդելու մեր երկիրը, բարեկեցիկ եւ արժանավայել են պահելու իրենց ընտանիքը։ Ես՝ որպես դասախոս, երջանիկ կլինեմ, նա եւ կներդնեմ իմ բոլոր ջանքերը՝ նման երիտասարդների թվի ավելացման, բարձր օգտակար գործողության գործակից գրանցելու միաժամանակ դժվար ու կարեւոր աշխատանք կատարելու ուղղությամբ

Մեր երկրում լավ կրթական համակարգ ունենալու համար… պետք է հիմքը դնել դեռ մանկուց՝ ծնողի կողմից ձեւավորելով երեխայի բնավորության այնպիսի կարեւոր գծեր, ինչպիսիք են համառությունը, քաջությունը, մտքի ճկունությունը, ազնվությունը, կարգապահությունը, բարությունը։ Պետք է սովորեցնել հարգալից վերաբերմունք սեփական անձին եւ կրթությանը։ Իսկ հետագայում լավագույն պայմաններում, տեխնիկապես հագեցած լսարաններում, բարձրակարգ մասնագետների, որակյալ ծրագրերի ու գեղեցիկ մշակված դասապրոցեսի արդյունքում կունենանք գերազանց արդյունք եւ որակյալ կադրեր։

Ծաղիկները… զարդարում են մեր առօրյան եւ մեզ հետ են կյանքի ցանկացած փուլում՝ տարբեր նշանակություններով։

Կենդանիները… կենդանիների մասին կարելի է խոսել եւ փիլիսոփայել անվերջ, նրանցով հիանալ ու զարմանալ։ Ես շնասեր եմ, իսկ նրանք հավատարիմ, բարի, ներողամիտ, անկեղծ, խելացի, պոչիկով ժպտացող ու փամփլիկ էակներ են, որ կյանքին հաղորդում են յուրահատուկ իմաստ։ Հիշեցի մի անեկդոտ․

Կինը դիմում է հոգեբանի․

-Բժի՛շկ, ինձ անհանգստացնում են իմ եւ իմ շան հարաբերությունները։

-Ի՞նչ է պատահել, հարգելի՛ս, դուք խոսու՞մ եք նրա հետ։ Դա բնական է։

-Ո՛չ բժի՛շկ, ես խորհուրդ եմ հարցնում նրանից։

Ամեն ճամփորդությունից հետո… մնում են միայն հուշեր, ոչ միանշանակ զգացողություններ, լուսանկարներ ու վիդեոներ, որոնք թույլ են տալիս Ճանապարհորդել ժամանակի միջով՝ դեպի անցյալ։

Ինձ համար կանացիությունը… հոգեվիճակ է։

Քո ոճը գտնելու համար պարտադիր չէ… հետեւել նորաձեւությանը, կրկնօրինակել ուրիշներին։ Դա պետք է տեղի ունենա ենթագիտակցաբար։ Կոկո Շանելից երկու խոսք մեջբերեմ․ «Շահրեզադեի պես հագնվելը հեշտ է, փոքրիկ սեւ զգեստ ընտրելն է դժվար» եւ «Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից ու հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի»։

Ես կին եմ, որը հասկացել է… որ հաջողության հասնում ես, երբ կարողանում ես հաղթահարել վախերդ։ Եվ ճիշտ է անել այն, ինչի մասին երգում է սիրտդ։

Մայր լինելը… մեծ սիրո, անսահման համբերության, բազում զոհողությունների դրսեւորում է, բերկրանք:

Տղամարդու սիրտ տանող ճամփան… չկա այդպիսի որոշակի ճամփա, եւ պետք էլ չէ այն փնտրել։ Մարդն անհատ է, եւ ընդհանրացնել չի կարելի։ Պարզապես պետք է լինել իրական։ Իմ դեպքում իրենց գործն արեցին երիտասարդությունը, հրապուրանքը, սերը։ Իսկ սերը քիմիա է  եւ վերջ։

Տղամարդու մեջ ամենաշատը գնահատում եմ… հավատարմությունը, առատաձեռնությունը, խոսքի եւ գործի համադրությունը։

Ինձ զարմացնում է… մարդկանց ընչաքաղցությունն ու տգիտությունը, «Պինոկիոյի ախտանիշը»։

Ես հավատում եմ… տիեզերքի ուժին՝ Աստծո զորությանը։

Սիրում եմ… Համո Սահյանի խոսքերով երգված եւ Մարտիրոս Սարյանի գույներով ներկված հայրենիքս, ծնողներիս, ընտանիքս։

Երազում եմ… եթե ապրում ես, ուրեմն երազում ես։ Սակայն կարեւորն այն է, որ իրական կյանքի հորձանուտում երազանքները չանտեսվեն։

Երբեք չեմ զղջում… որ չեմ լքել հայրենիքս, չնայած դրա հնարավորությունը ցանկության դեպքում կստեղծվեր։

Ամենասիրելի եղանակը… գարունն է՝ արեւը, կապույտ երկինքը, զարթոնքը, թռչունների ճռվողյունը, ամպրոպից եւ անձրեւից առաջ առկա հզոր էներգիան, իսկ դրանից հետո՝ կտրուկ անդորրը եւ օդում տարածվող ծաղիկների բույրը։

Ամենից շատ հուզվում եմ… ես շատ սենտիմենտալ եմ, եւ դրանով ամեն ինչ ասված է։

Չկա ավելի գեղեցիկ բան… երջանկությունից փայլող երեխաներիս աչքերից։

Օրվա ամենասիրելի պահը… հանգիստ խղճով քուն մտնելը։

Ամեն ինչ հնարավոր է, եթե… առողջ ես, սիրում ես եւ սիրված ես։

Իմ ուժը… իմ ընտանիքն է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Փ/Ծ փոխգնդապետ Հերմինե Նավասարդյան. Իմ ուժը իմ թուլություններն ու վախերն են եւ իմ տարիների փորձը

 

Փ/Ծ մայոր Սուսան Գեւորգյան. Փրկարարը շատ մասնագիտությունների խաչմերուկում է