Չերչիլն ասում էր. մանկավարժն այնպիսի իշխանություն ունի, որի մասին երկրի ղեկավարը կարող է միայն երազել: Այլ ասույթ էլ կա. լավ ուսուցիչները լավ աշակերտներ են ձեւավորվում: Այս երկուսի համադրությունից կստանանք հետեւյալ պարզ ու տրամաբանական եզրակացությունը. մանկավարժը մեծ ազդեցություն ունի սովորողների վրա եւ մանկավարժից է կախված սովորողի թե մարդկային, թե մասնագիտական որակների մակարդակը:

1992 թվականին ստեղծված «Արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտը» 2003 թվականին դարձավ բարձրագույն ուսումնական հաստատություն: Այսօր ՀՀ ԱԻՆ ՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտ 400 շրջանավարտ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, ավելի քան 90 շրջանավարտ՝ պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Բազմաթիվ շրջանավարտներ էլ քաղաքացիական պաշտպանության կամ ռիսկի կառավարման պատասխանատուներ են պետական գերատեսչություններում եւ մասնավոր ընկերություններում: ՃԿՊԱ հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության եւ ոստիկանության 100 աշխատակից եւ ծառայող:

Սա նշանակում է, որ ՃԿՊԱ-ն որակյալ մասնագետների դարբնոց է: Հիշենք, որ մանկավարժն է պատասխանատու սովորողի մարդկային եւ մասնագիտական որակների համար ու կստացվի, որ մեր դասախոսական կազմի որակը թույլ է տալիս բարձրակարգ մասնագետ ստանալ: Ո՞վքեր են մեր դասախոսները: Կանանց միամսյակի առիթով ներկայացնում ենք մեր կին դասախոսներին: Հոդվածաշարի հերթական հերոսը ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հերմինե Նավասարդյանն է:

Փրկարարի համազգեստով կինը… Փրկարարի համազգեստ կրելը պատիվ է:

Փրկարար լինելը ամենօրյա ծանր եւ պատասխանատու աշխատանք է՝ միշտ գտնվել աղետի հետ առճակատման առաջին գծում, տեսնել մարդկանց տանջանքներն ու կորուստները, կատարել ծանր ֆիզիկական եւ մտավոր աշխատանք, հաճախ կյանքի համար վտանգավոր պայմաններում: Առավել ծանր աշխատանք է կնոջ համար, երբեմն այնքան ծանր, որ ուզում ես բղավել. «Օգնեցեք ինձ, ես օգնության կարիք ունեմ»: Բայց չես կարող, քանի որ ինքդ ես գնացել օգնություն ցուցաբերելու եւ հիմա ինչ որ մեկը հույսով, որ իրեն օգնելու ես, նայում է աչքերիդ, իսկ դու անկարող ես նրան օգնել՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով: Իհարկե բոլորովին այլ զգացողություններ են, երբ կարող ես եւ օգնում ես տուժածին:

Մարդ փրկելուց հետոզգում ես մարդ փրկելու ողջ հաճույքը՝ հպարտանում ես ինքդ քեզնով, զգում ես քեզ հասարակության համար կարեւոր եւ պիտանի անձ: Սրանք շատ դրական զգացողություններ են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերածվել մեծամտության:

Կան մասնագիտություններ, օրինակ՝ բժիշկ, հրշեջ-փրկարար, հոգեբան, որոնք ամեն օր առնչվում են կյանքի եւ մահվան պայքարի հետ եւ, աշխատանքի բերումով, կարող են ամեն օր մարդկային կյանքեր փրկել: Այդ մասնագիտությունները եւ այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ ոլորտներում մեծ նվիրումով արժանի են մեծ հարգանքի եւ մեծարանքի: Բայց նաեւ կարծում եմ պետք չէ թերագնահատել մյուս մասնագիտությունները, քանի որ բոլորն էլ յուրովի կարեւոր են: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ շատ կարեւոր են մարդկային այն որակները, որոնք թույլ են տալիս բարդ իրավիճակներում մարդուն մնալ մարդ եւ օգնել դիմացինին առանց շարժառիթների, քանի որ շատ դժվար է օգնել ուրիշին, նրա խնդիրները քոնից վեր դասել, երբ ինքդ օգնության կարիք ունես:

Ամեն ոք պիտի ունենա առաջին օգնության տարրական հմտություններ, քանի որ դժբախտ պատահարներ կարող են պատահել ցանկացած պահի, ցանկացած տեղում, յուրաքանչյուրի հետ, երբ տուժածի կողքին այդ պահին, հիմնականում, բուժաշխատող չի լինում, բայց տուժածի կյանքի փրկությունը կամ առողջության հետ կապված բարդությունները կախված են նրանից, թե վնասվածք ստանալուց անմիջապես հետո տուժածի կողքին գտնվողները կամ տուժածն ինքն իրեն ինչ օգնություն են ցուցաբերել:

Եթե չլինեի փրկարար, կլինեի, կլինեի մանկաբույժ: Ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ մասնագիտությամբ մանկաբույժ եմ: Արդեն ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, անցել եմ ծառայության Փրկարար ծառայությունում: Եթե չանցնեի ծառայության, ապա կաշխատեի որպես մանկաբույժ, կբուժեի մանկիկներին, կշփվեի աշխարհի ամենամաքուր, ամենաազնիվ, ամենահետաքրքիր, ամենանուրբ էակների հետ: Եվ միակ բանը, որ ինձ աշխատանքում դուր չէր գա, դա երեխայի լացի ձայնը կլիներ, այն էլ այն դեպքում, երբ հասկանում ես, որ երեխան լացում է ցավից:

Մեր երկրում լավ կրթական համակարգ ստեղծելու համար…  Ընդհանրապես ինչ որ բան ստեղծելու համար, իմ կարծիքով, կա 2 ելք՝

  • Քանդել հինը ամբողջությամբ եւ ներդնելով բավականին խոշոր գումարներ, նոր ծրագրեր, նոր տեխնիկական միջոցներ, աշխատանքի ընդունելով խորը մասնագիտական գիտելիքներով եւ վերապատրաստված նոր կադրեր, կառուցել նորը:
  • Պահպանել հնի լավագույն կողմերը, ժամանակի ընթացքում քիչ-քիչ փոխել այն, ինչն արդեն հնացած է եւ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Որ մեթոդն էլ ընտրեք, ինչքան շատ էլ ֆինանսական միջոցներ ներդնեք, ժամանակակից տեխնիկական միջոցներ օգտագործեք, դասավանդող անձնակազմ վերապատրաստեք, միեւնույն է ոչինչ չի փոխվի, քանի դեռ աշխատանքի են ընդունվում քավոր-սանիկ հարաբերությունների մեխանիզմով:

Փորձեք փոխել այս մեխանիզմը: Աշխատանքի ընդունեք գրագետ եւ հմուտ մասնագետների եւ ամեն ինչ կփոխվի՝ աշակերտը կցանկանա լավ սովորել, ուսանողը կցանկանա բուհը ավարտել որպես գիտակ մասնագետ, դասախոսը կհետեւի իր մասնագիտական որակների բարձրացմանը:

Ես կին եմ, որ հասկացել է… որ կինը խորհրդավոր էակ է եւ նույնիսկ ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչ է իրեն պետք, ինչ է ինքը ուզում, ինչի է ձգտում: Նա կարող է միաժամանակ ցանկանալ ունենալ ամեն ինչ, այդ թվում տիեզերքի բոլոր աստղերը եւ հրաժարվել ամեն ինչից, նույնիսկ կյանքից, հանուն սիրելիի: Նա կարող է լինել աշխարհի ամենաբարի էակն ու մայրություն անել նույնիսկ թշնամու զավակին, բայց կորստի ցավը նրան կարող է դարձնել ամենադաժանը: Նա կարող է չկարողանալ բարձրացնել փոքրիկ ծանրություն, բայց իր ուսերին կրել ընտանիքի ամբողջ հոգսն ու դժվարությունները: Նա կարող է լինել այնքան սառը, որ նրա հայացքից նույնիսկ ամառվա ամենաշոգ եղանակին մարդ ցրտից փշաքաղվի, բայց նաեւ այնքան ջերմ, որ ջերմությամբ կլցնի իր օջախը: Նա կարող է լինել շատ զգայուն եւ հուզվել նույնիսկ օտարի ցավից, բայց կարող է լինել շատ դիմացկուն եւ ընդունել սեփական ցավերն ու դժվարությունները երջանիկ ժպիտով՝ մայրանալու բերկրանքը: Մի խոսքով հասկացել եմ, որ ‹₍կին-առեղծվածից›› ու ինքս ինձնից բան չեմ հասկացել…

Կանացիությունը… հոգեկան եւ վարքագծային ամբողջություն է, որը բնորոշվում է քնքշությամբ, նրբությամբ, փափկությամբ, հմայչությամբ, զգայնությամբ, գրավչությամբ, հեզությամբ, համեստությամբ: Այս հատկանիշները, ըստ իս, բոլորովին կապ չունեն արտաքին տվյալների հետ՝ կինը կարող է լինել գեղեցիկ, խնամված, թանկարժեք հագնված, բայց օժտված չլինել կանացիությամբ:

Գիտատեխնիկական առաջընթացը բերեց նրան, որ շատ կանայք կորցրեցին իրենց կանացիությունը, իսկ շատ տղամարդիկ ձեռք բերեցին որոշակի «կանացիություն»: Հուսանք այս երեւույթը շարունակական չի լինի, հակառակ դեպքում տղամարդկանց համար շատ դժվար կլինի հարմարվել հղիությանը, ծննդաբերությանը եւ երեխայի խնամքին: Ինչեւէ կցանկանայի, որ չխախտվեր կյանքի եւ բնության հավասարակշռությունը:

Տղամարդու մեջ ամենաշատը գնահատում եմ…արեւելյան փիլիսոփայության մեջ կին-տղամարդ համադրությունը որպես ծայրահեղ հակադրությունների փոխազդեցություն խորհրդանշվել է յան՝ «արական» եւ ին՝ «իգական»: Համեմատականներ են տարվում համապատասխանաբար՝ լույսի-խավարի, գիշերվա-ցերեկվա, երկնքի-երկրի, ցրտի-տաքության, Արեւի-Լուսնի, շարժունակության-հանգստության հետ:

Բայց այս համադրությունները այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ, եթե օրինակ համարենք, որ լույսի բացակայությունը խավարն է կամ ջերմության բացակայությունը՝ ցուրտը, ապա մի սեռի առկայությունը բացառում է մյուսի ներկայությունը: Հետեւաբար երբ մենք քննարկում ենք տղամարդկանց եւ կանանց հակադրությունը, ապա հասկանում ենք, որ բնությունը ստեղծել է նրանց իրար փոխլրացնելու, ամուր ընտանիք ստեղծելու համար:

Հետեւաբար տղամարդու մեջ ամենաշատը գնահատում եմ ընտանիքին նվիրվածությունը, ինքնուրույնությունը, հայրենասիրությունը ինչպես նաեւ կարողությունը չճնշել, չշահագործել, չթերագնահատել իրենց կողքին գտնվող կանանց:

Ընկերներս… Ես կյանքիս տարբեր փուլերից իմ հետ մնացած շատ ընկերներ ունեմ, որոնց հետ ես երկար ճանապարհ եմ անցել, շատ դժվարություններ եմ հաղթահարել, ուրախության ճոխ սեղաններ, երբեմն մի կտոր հաց եմ կիսել: Նրանց ես շատ սիրում, հարգում, գնահատում եւ արդեն ընդունում եմ որպես ընտանիքիս մի մաս: Կան ընկերներ, որոնց ես շատ հարգում եմ եւ շատ կցանկանամ, որ նրանք հնարավորինս երկար իմ կողքին լինեն: Կան նաեւ մարդիկ, որոնց համար ես եմ մեկը, ում իրենք կուզենային տեսնել իրենց կողքին: Նրանց էլ ես շատ գնահատում եմ:

Ընկերության մեջ շատ կարեւոր են փոխադարձ հարգանքը, նվիրվածությունը, ազնվությունը, վստահությունը, փոխըմբռնումը: Կարեւոր են նաեւ միանման նպատակները, մտածելակերպը, հետաքրքրությունները, բայց երբեմն տարբեր հետաքրքրությունները, եթե դրանք իրար շատ չեն հակասում, կարող է նույնիսկ ընկերությունը դարձնեն ավելի հետաքրքիր եւ աշխարհայացք զարգացնող: Ամեն դեպքում հիշեք, որ չպետք է ընկերոջը պարտադրել սեփական ցանկությունների կատարումը:

Սիրում եմ…

  • Սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում: Երբ թեթեւ քամին քսվում է դեմքիդ, փակում ես աչքերդ եւ լսում բնության ձայները՝ տերեւների խշխշոցը, գետի քչքչոցը, ծիտիկների ծլվլոցը ու հասկանում ես, որ բնության մի մասնիկն էլ դու ես:
  • Սիրում եմ ճամփորդել: Կյանքիս ընթացքում եղել եմ մի շարք երկրներում, ունեմ բավականին շատ ու հետաքրքիր հիշողություններ, տարբեր երկրներում տեսել եմ եւ՛ նմանություններ եւ՛ տարբերություններ: Հասկացել եմ, որ նույնիսկ բնությունը տարբեր երկրներում տարբեր գույներ ունի եւ ես տեսել եմ կանաչի տարբեր երանգները…
  • Սիրում եմ համեղ ուտել: Բազմիցս համեմատել եմ հայկական խոհանոցի ուտեստները այլ ազգերի խոհանոցների հետ եւ կարծում եմ, որ հայկականը աշխարհի ամենահամեղ եւ յուրահատուկ խոհանոցների շարքին է դասվում:
  • Սիրում եմ մասնակցել բերքահավաքների, երբ գյուղացին երկար չարչարանքներից հետո, ի վերջո տեսնում է իր աշխատանքի արդյունքը:
  • Ու էլի շատ բաներ…

Բոլոր ճամփորդություններիցս ինձ հիացրել է հատկապես… ճամփորդությունս դեպի Իտալիա:

Պետություն, որտեղ հիշում եւ գնահատում են իրենց արմատները, որտեղ աչքի լույսի պես պահպանվում են պատմամշակույթային արժեքները, որտեղ հնադարյա պատմաճարտարապետական կառույցները պետության կողմից պահպանվում են իրենց առաջին տեսքով եւ կառուցվածքով, որտեղ հին քաղաքների կենտրոնական փողոցներով անցնելիս մտովի տեղափոխվում ես այն ժամանակահատված, երբ դրանք կառուցվել են: Գնացեք Հռոմ, որը երիտասարդ է մեր Երեւանից եւ քաղաքի կենտրոնում կտեսնեք դեռեւս Քրիստոսից առաջ կառուցված շինությունների փլատակներ՝ Հռոմեական կայսրության երբեմնի փառքի վկայությունները: Ակամա դադարում ես շնչել երբ մտածում ես, թե ինչ հզոր ճարտարապետաշինարարական միտք են ունեցել, ինչ հզոր է հիմա այդ պետությունը, որ պահպանում է իր պատմությունը: Կարծում եմ պետք է գլուխ խոնարհել նրանց առաջ, քանի որ նրանք իրենց պատմության մեջ պահպանել են մեր պատմության մի մասնիկը…

Այդուհանդերձ Հայաստանը ինձ համար… մնում է օրրանս, տունս, դարերից եկած, դարերի երկիր Հայաստանս:

Ես շատ եմ ճամփորդել Հայաստանի տարածքում: Այն ինչ տեսնում ես եւ՛ հիացմունք է պատճառում եւ՛ մեծ ցավ: Մեր բազմադարյա եկեղեցիների ճարտարապետությունը հիացմունք է պատճառում, բայց խորը ցավ ես ապրում, երբ տեսնում ես պատերի վրա կատարված գրառումները: ՈՒզում ես հիանաս հիասքանչ բնությամբ, բայց տեսնում ես ամբողջ տարածքով թափթփված աղբը: Պարզկա եղանակներին նայում ես Արարատին, ուզում ես հպարտանալ նրա վեհությամբ, թվում է այնքան մոտ ու ջերմ, ու հիշում ես որ այն այլեւս Հայաստանի տարածքում չէ: Ցավալին այն է, որ մեր արժեքների ոչնչացման հարցում մենք ետ չենք մնում մեր թշնամիներից: Անխնա ոտնահարում եւ ոչնչացնում ենք մեր դարերի պատմությունը եւ երբեմնի ծաղկուն եւ հզոր Հայաստանից թողել ենք մի բուռ: Խնդրում եմ եկեք խնամքով վերաբերվենք մեր հայրենիքի յուրաքանչյուր միլիմետր հողին, որ մենք էլ կարողանանք հիանալ, հպարտանալ մեր երկրով եւ գլուխներս վեր պարզած ամբողջ աշխարհին ասենք՝ մենք ենք մեր երկրի տերը…

Երբեմն ստիպված ես լինում… շատ բաներ անել «կամավոր»: Կան ճամփաներ, որ պետք է անցնես, եթե նույնիսկ գիտես, որ դա հակասում է քո սեփական ճշմարտությանը եւ հետագայում զղջալու ես: Երբ սեղմում ես ատամներդ, խորը թաքցնում զգացմունքներդ եւ հավատով, որ սա էլ կանցնի … անցնում գործի: Եվ իրոք ժամանակը անցնում է, կյանքը շարժվում է առաջ եւ հաղթում է նա, ով ավելի դիմացկուն էր: Պարզապես հարկավոր է ճիշտ հասկանալ քո համար կարեւոր արժեքները եւ ամեն գնով պահպանել դրանք:

Բայց կյանքի ընթացքում թաքցրած բացասական հույզերը անհետ չեն կորում, այլ քիչ-քիչ կուտակվում են եւ քայքայում առողջությունդ, ներաշխարհդ, հավատդ ու չարացնում: Եվ սիրելի կանայք, եթե չեք ուզում չարանալ ինքներդ Ձեր, կյանքի, մարդկանց, ամբողջ աշխարհի դեմ, ապա չպետք է վախենալ թույլ երեւալուց՝ կարող եք բղավել (ոչ ամեն տեղ), արտասվել (եթե շպարված չեք), կոտրել սպասքը (ոչ բոլորը): Դա իհարկե չի գեղեցկացնի Ձեզ, բայց կօգնի ազատվել բացասական հույզերից եւ կլավացնի Ձեր առողջությունը:

Երբեք չեմ զղջում… որ լույս աշխարհ եմ եկել: Շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ հնարավորություն են տվել ապրել այս տարօրինակ աշխարհում, տանջանքով ու չարչարանքով պահել, մեծացրել, դաստիարակել, ուսման տվել եւ ուղղորդել դեպի մեծ կյանք: Եվ միգուցե բոլորիս կյանքի ճանապարհը այնքան էլ կանաչ եւ ուղիղ չէ, լի է դժվարություններով, խոչընդոտներով ու կտրուկ շրջադարձերով, դրա փոխարեն հիմա ես դարձել եմ բազմակողմանի զարգացած անձնավորություն:

Իմ ուժը… իմ թուլություններն ու վախերն են եւ իմ տարիների փորձը: Կյանքիս ընթացքում ես հասկացա, որ այն իրավիճակներում, երբ սկսում եմ վախենալ ինչ որ խոչընդոտներից եւ դժվարություններից, ապա սկսում եմ կենտրոնացնել ուժերս, մտածել քայլերիս անվտանգության ու լրացուցիչ ճանապարհների մասին, արդյունքում ավելի արագ ու առանց մեծ կորուստների հաղթահարում եմ ամեն ինչ եւ հասնում նպատակիս:  Պարզապես պետք է սեփական ուժերը ճիշտ գնահատել եւ չհիասթափվելու համար մյուսների վրա հույս չդնել:

Երազում եմ… Շատ երազանքներ ունեմ՝ որպես հայ, դուստր, քույր, ընկեր, անձ: Ձեր հետ կկիսվեմ միայն որպես հայ իմ երազանքով: Որպես հայ երազում եմ, որ մի բուռ դարձած Հայաստանս դառնա մի բռունցք եւ հաղթի այս կյանքի «բռնցքամարտի միջազգային մրցույթում»:

Զրուցեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Կարդացեք նաեւ. փ/ծ մայոր Սուսան Գեւորգյան. Փրկարարը շատ մասնագիտությունների խաչմերուկում է